Անթույլատրելի և անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը. Վանեցյանը՝ ոստիկանական ուժերի, լուսաձայնային նռնակների, դիպուկահարների մասին
Անթույլատրելի և անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը, այստեղ խաղաղ ցուցարարներն են։ Արդեն քանի օր է այստեղ անում ենք շուրջօրյա ակցիաներ և որևէ միջադեպ ցուցարարների կողմից չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքը հսկող դիպուկահարներին, ոստիկանական զորքերին, տեղադրված լուսաձայնային նռնակներին։
Վանեցյանի խոսքով՝ մնալու են օրենքի շրջանակներում, հանրային ճնշումը շատացնելու են և հասնելու են նպատակների իրականացմանը։ Վանեցյանը դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ որևէ նպատակ չունեն գնալու սադրանքների։
«Եթե իրենք ստացել են ինչ որ տեղեկություններ, թե այստեղ պատրաստվում են ինչ որ անկարգություններ, սադրանքներ և այլն, դա կեղծ տեղեկություններ են։ Մենք նման գործելաոճ չենք որդեգրել, մեր գործողություններն անում ենք օրենքի շրջանակներում»,- ասաց Վանեցյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ ոստիկանությունը նախապես որոշում է կայացրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ և հիմքեր է ստեղծում ուժ կիրառելու։ Վանեցյանը նշեց, որ խորհուրդ չի տա նման քայլի գնալ, ուզում է համոզված լինել, որ ոստիկանությունն ուժ չի կիրառի ժողովրդի դեմ։