Սարսափելի դեպք Երևանում. բախվել են բեռնատարն ու «Բոգդան» ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, տեղում մահացել, բեռնատարն էլ մխրճվել է բենզալցակայանի մեջ
Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Բոգդան» և Foton մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Foton-ը մխրճվել է հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ, նյութական վնաս պատճառելով թե՛ բենզալցակայանին, թե՛ այնտեղ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աղասի Բարսեղյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղևորը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել, երբ վարորդը հայտնել է, որ մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել և իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը: