Խոշոր ավտովթար Երևանում. վթարի պատճառը թափառող շներն են եղել
Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Porsche Panamera և Mercedes E63 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ բախման հետևանքով Porsche-ը գլխիվայր շրջվել է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ Porsche-ի առաջ մի քանի թափառող շներ են հայտնվել և վարորդը շներին վրաերթի չենթարկելու համար խույս է տվել, ապա բախվել բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել Mercedes-ին ու գլխիվայր շրջվել:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումատակի 6-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի, դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: