«Իմ քայլից» ովքե՞ր են անտեսում Նիկոլ Փաշինյանի կոչ-պահանջը
Մասնագետներն ահազանգում են՝ կորոնավիրուսով վարակվածության դեպքերն այնքան են աճել, որ Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով վտանգավոր «կարմիր» գոտում։ Չնայած կորոնավիրուսով վարակվածության թվերի աճին` վերջին շաբաթներին վարչապետ Փաշինյանը բազմամարդ երկու հանրահավաք-երթ անցկացրեց։ Դիմակ կրելու, անվտանգության կանոնները պահելու կոչերով շարունակ հանդես եկող երկրի վարչապետն ու առողջապահության նախկին նախարարը, որն այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, հանրահավաքներին առանց դիմակների էին։ Իշխանական թևից հարթակում դիմակ կրում էր միայն առողջապահության նորանշանակ նախարարը։ Վարչապետի կոչին չեն հետևում նաև «Իմ քայլի» պատգամավորները:
Խորհրդարանում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին բոլոր պատգամավորները, այդ թվում՝ իմքայլական, դիմակ չեն կրում: Նշենք, որ նիստին մասնակցում էր մասնավորապես` իմքայլական պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Հայկ Կոնջորյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, ինչպես նաև Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ով ևս առանց դիմակ է:
«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նույնպես մոռացել էր դիմակ կրելու անհրաժեշտության մասին:
Պետաիրավական հանձնաժողովի անդամներից շատերը նույնպես անտեսում են Նիկոլ Փաշինյանի պահանջը:
Ի՞նչ է ստացվում՝ իշխանությունները կրկին երկակի ստանդարտների են դիմում՝ հանրությանը բաժանելով սովորական մահկանացուների, որոնց պետք է խստագույնս պատժել համավարակի տարածմանը նպաստելու համար և յուրայինների, որոնց ոչ մի խստացում չի վերաբերվում և նրանք կարող են շատ հանգիստ աչք փակել վարչապետի՝ կառավարության նիստում հնչեցրած կոչ-պահանջի վրա: