16-ամյա Հրաչն իր ուսերին է առել տան հոգսը. հայրը զոհվել է, եղբայրն` անհետ կորել
Պատերազմից հետո Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 16-ամյա Հրաչն իր ուսերին է առել ընտանիքի հոգսը։ Տան մեծերը՝ հայրն ու ավագ եղբայրը չկան։ Հոր՝ Խաչիկ Բադալյանի դին անցած ամիս են հողին հանձնել, 19-ամյա եղբայրն անհետ կորած է։ Հրաչը կիսատ է թողել երկու տարվա ուսումը ռազմական կրթահամալիրում ու վերադարձել գյուղ՝ մոր, 7 տարեկան քրոջ ու 10 տարեկան եղբոր մոտ։
«Ես հիմա էլ կարամ ուսումս շարունակեմ, բայց չեմ ուզում մամայիս մենակ թողնեմ: Ով չի տեսել՝ չի կարա զգա էդ ցավը: Ես էնքան չեմ կարա անեմ, ինչքան իմ ախպերն ու հերն են արել»,- «Ազատության» հետ զրույցում անկեղծանում է 16-ամյա պատանին:
«Իրանք դրսի պատն էին, էդ պատը, որ քանդվեց տունը ո՞նց կարա տուն դառնա: Պետք ա դրսի պատը միշտ ամուր լինի, իսկ էդ պատը հիմա քանդվել ա»,- դառնությամբ ասում է նա:
Ընտանիքը 90-ականներից հետո Քելբաջարում էր բնակություն հաստատել, 2018-ին վերադարձել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղ, ավտոտնակը կացարան են դարձրել, այստեղից-այնտեղից հայթայթած շինանյութով կողքին մի սենյակ ավելացրել, պատուհաններն ապակու փոխարեն պոլիէթիլենով փակել, հողե հատակը՝ կտորով ծածկել.
«Ես էլ չեմ պատկերացնում ոնց պետք է անեմ: Ճիշտ է` մերս, իմ մեծերը, հոքիրներս ասում են, որ դու ուժեղ ես, կարող ես, բայց մենակ էտի գիտեմ, որ դատարկ խոսքեր են, էնքան որ ոգևորելու համար են»,- ասում է Հրաչը: