ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 19-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության եւ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։
Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները եւ մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ եւ հանձնարարականներ։
Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաեւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով եւ շուտափույթ ապաքինում մաղթել: