Ղարաբաղի հարցը լուծված չէ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասաց Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը:
«Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ: Շատ կլինեն հարցեր, թե ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին: Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չմնա: Մենք բոլորս սա գիտենք: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և ես ուզում եմ ասել, որ դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ մենք ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»,- ասաց Փաշինյանը: