Սովորական մրսածություն առաջացնող վիրուսը կարող է պաշտպանել կորոնավիրուսից
Շնչառական հիվանդություններ առաջացնող ռինովիրուսը կարող է պաշտպանել օրգանիզմը կորոնավիրուսով վարակվելուց: Այսպիսի եզրակացության են հանգել Գլազգոյի Շոտլանդական համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները ներկայացված են բժշկական «Journal of Infectious Diseases» ամսագրում։
Իրենց փորձարկման համար հետազոտողները ստեղծել են մարդու լորձաթաղանթի կրկնօրինակը և այն վարակել ինչպես ռինովիրուսով, այնպես էլ կորոնավիրուսով:
Պարզվել է՝ եթե հարուցիչները միաժամանակ են հասնում թիրախին, ապա գոյատևում է միայն ռինովիրուսը՝ դուրս մղելով «մրցակցին»: Նույնը տեղի է ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ կորոնավիրուսը ռինովիրուսից մեկ օր շուտ է հասել թիրախին:
«SARS-CoV-2-ը խիստ ճնշվում է ռինովիրուսից: Դա ոգևորող է, քանի որ ռինովիրուսի մեծ տարածվածությունը կարող է կանգնեցնել SARS-CoV-2 նոր վարակները»,-ասել է հետազոտության համահեղինակ Պաբլո Մուրսիան։
Ինչպես նշել են գիտնականները, ռինովիրուսի պաշտպանության ազդեցությունը կարճատև է: Երբ մրսածությունն անցնում է և իմունային արձագանքը հանդարտվում է, կորոնավիրուսը կարող է հեշտությամբ ակտիվանալ:
Փորձագետները նշել են նաև, որ նմանատիպ էֆեկտ նախկինում էլ են նկատել: Ենթադրվում է, որ ռինովիրուսի մեծ բռնկումը մեղմացրել է խոզի գրիպի համաճարակը Եվրոպայի որոշ երկրներում 2009 թվականին: