Պատերազմում վիրավորված 8 զինծառայող առաջին անգամ քայլել է ոտքերի գերժամանակակից պրոթեզներով
Պատերազմի մասնակից ստորին վերջույթների անդամահատումներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլել է ոտքերի պրոթեզներով: Այսօր՝ մարտի 24-ին, այդ առթիվ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում միջոցառում էր կազմակերպված։
Այս տարվա սկզբից կենտրոնում բացվել է նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով:
«Մեր տղաններն այսօր հնարավորություն ունեն ստանալու բարձր որակի պրոթեզներ։ Աշխարհի ամենահայրենասեր տղաները նորից քայլելու են, ինչը մեծ ուրախություն և հպարտութուն է: Մեր սուրբ պարտքն է տղաներին վերադարձնել սոցիալական կյանք: Պրոթեզավորման գործընթացն իրականացնելու համար ունենք բարձր որակի պրոթեզավորման համակարգեր և մասնագետներ»,- միջոցառման ընթացքում ասաց ԵՊԲՀ ռեկտորը Արմեն Մուրադյանը։
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ տեղեկացրեց, որ այս պատերազմի հետևանքով 114 անդամահատում կա, որից 19 վերին վերջույթների, իսկ մնացածը ոտքերի։