Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել են սոցիալիստները
Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը՝ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ եւ կփոձի կառավարություն ձեւավորել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քվեաթերթերի 99,9 տոկոսի մշակումից հետո սոցիալիստները ստացել են Կոնգրեսի 350 պատգամավորական մանդատներից 123-ը: Սա Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության համար հաջողություն է. խորհրդարանի նախորդ կազմում ուներ ընդամենը 85 տեղ:
Երկրորդ տեղում է աջ Ժողովրդական կուսակցությունը՝ 66 տեղով: Երրորդ՝ «Քաղաքացիներ» ցենտրիստական կուսակցությունը (57 մանդատ):
Unidas Podemos ձախ կոալիցիան կարողացել է 42 տեղ ստանալ ստորին պալատում: Առաջին անգամ Կոնգրես է անցել VOX ծայրահեղ աջ կուսակցությունը, որը կունենա 24 պատգամավոր:
Մնացյալ տեղերը բաշխվել են ազգայնական կուսակցությունների միջեւ, որոնք ներկայացնում են տարբեր ինքնավար միավորումների: «Կատալոնիայի ձախ հանրապետականները» ստացել են 15 մանդատ, աջ «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը՝ 7: Այս կուսակցությունները հանդես են գալիս Իսպանիայից ինքնավար միավորման դուրս գալու օգտին: Աջ բասկյան ազգայնական կուսակցությունը՝ 6: Ձախ բասկյան Bildu-ն, որն իր նպատակ է հռչակել Բասկերի երկրի անկախացումը՝ 4: Երկուական մանդատ են ստացել Navarra Suma-ն (Նավարա ինքնավար միավորումից) եւ «Կանարյան կոալիցիան»: Մեկական՝ վալենսիական Compromís-ը եւ Կանտաբրիի Տարածաշրջանային կուսակցությունը: