Արտակարգ. Ոստիկանության մեքենան մոխրակույտ դարձավ
Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Եղվարդ քաղաքի կենտրոնական փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել ոստիկանական համարանիշներով ГАЗель մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները ոստիկանության ծառայողների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ավտոմեքենան եղել է կայանված վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում: