Ադրբեջանը «հանում» է «Իսկանդերը». Ինչ կատարվեց
Բաքուն հայտարարել է, թե Շուշիում հայտնաբերել են «Իսկանդերի» բեկորներ, ինչը նշանակում է, որ հայկական զինուժը կիրառել է «Իսկանդեր»: Բաքուն «թարմացնում» է «Իսկանդերի» թեման, և հարց է առաջանում, թե ինչու:
Բանն այն է, որ երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանը խոսեց «Իսկանդերի» մասին, ինչից հետո ծավալվեցին թե՛ Հայաստանի ներքաղաքական՝ ԳՇ ուղղությամբ, թե՛ հայ-ռուսական բավականին բուռն զարգացումներ, Ադրբեջանը կանգնեց Ռուսաստանի «կողքին»: Ռուսաստանի Գլխավոր շտաբը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում չի եղել «Իսկանդերի» արձակում: Ալիևն էլ հայտարարեց, թե իրենք որևէ կերպ չեն արձանագրել «Իսկանդերի» արձակում: Այժմ, ահա, Բաքուն հայտարարում է, որ «Իսկանդերը» արձակվել է Շուշիի ուղղությամբ: Այսինքն՝ Բաքուն փաստորեն հայտարարում է, որ ռուսական Գլխավոր շտաբը ճիշտ չէ՝ կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ստում է: Թե՞ ստում է Բաքուն: Համենայնդեպս, սուտ, թե ճիշտ՝ այդուհանդերձ խիստ ուշագրավ է, որ Ադրբեջանը մեջտեղ է բերում «Իսկանդերի» թեման: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ թեմա կա Ռուսաստանի հետ:
Պետք է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ «Իսկանդերի» բեկորներ հայտնաբերելու մասին Ադրբեջանը խոսում է Պուտինի անձնական դերի մասին Պեսկովի հայտնի հայտարարությունից հետո: Նախօրեին, անդրադառնալով դրան, հարցեր էի բարձրացրել, այդ թվում և այն, թե ո՞ւմ է ակնարկում Պեսկովը կամ սպառնում, թե պետք չէ մոռանալ Պուտինի անձնական դերը: Արդյոք նրա խոսքերն ուղղված էին Բաքվի՞ն: Իսկ ի՞նչը կարող էր լինել դրա պատճառը: Թե՞ Ադրբեջանի խնդիրը Ռուսաստանի հետ չէ, այլ Բաքուն փորձում է, այսպես ասած, թարմացնել հայ-ռուսական «վեճը» ՝ այդպիսով ճնշում ստեղծելով Հայաստանի վրա: Ինչպե՞ս է Ադրբեջանի տարածած տեղեկատվությանը արձագանքելու Ռուսաստանի Գլխավոր շտաբը: