Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից սխալ տեղեկություն է ներկայացնում. Մարուքյանի դիտողությունը տեղին է
Ազգային ժողովում ապրիլի 1-ին Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների հարցով արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ խորհրդարանական ներկայիս ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։
«Հիշեցնեմ, որ ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանգամանքը 2018 թվականին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ որպես նախընտրական ծրագիր, նախընտրական խոստում, արտացոլված է եղել ներկայիս խորհրդարանի բոլոր երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում։ Ներկայիս խորհրդարանի 3 քաղաքական ուժերը 2018 թ. նախ՝ հոկտեմբերի 22-ին, ապա հոկտեմբերի 29-ին կողմ են քվեարկել ԸՕ այն փոփոխություններին, այն նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից»,- նշեց Հովակիմյանը։
Ի պատասխան այս հայտարարության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ ամբիոնից սուտ տեղեկություն է ներկայացվում:
««Լուսավոր Հայաստանի» որևէ ծրագրում չկա գրված, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, այն ինչ ասացիք: Որքանով տեղյակ եմ, նաև ընդդիմադիր մյուս ֆրակցիայի ծրագրում չկա: Որտեղի՞ց եք էդ բաներն ամբիոնից ասում»,- ասաց Մարուքյանը։ Նա նաև հավելեց, թե Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, բայց խորհրդարան է բերվել մեկ այլ նախագիծ:
«Ո՞ւմ եք ուզում խաբել»,- հարց հնչեցրեց խմբակցության ղեկավարը:
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց ԱԺ խմբակցությունների նախընտրական ծրագրերը։
ԼՀԿ և ԲՀԿ 2018 թ. նախընտրական ծրագրերում ԸՕ-ի փոփոխության հարց չի ներառվել
Այսպես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 2018 թ. նոյեմբերի 26-ին հրապարակած նախընտրական ծրագրում որևէ կետ չկա ինչպես ԸՕ փոփոխության, այնպես էլ ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու վերաբերյալ։ Նախընտրական ծրագրում ԼՀԿ-ն ընտրական բարեփոխումների մասով մեկ կետով նշում է. ««Լուսավոր Հայաստանը» հետամուտ է ընտրական գործընթացների և ընտրախախտումների բացառման կառուցակարգերի շարունակական կատարելագործմանը»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ևս չէր ներառել ԸՕ փոփոխության հարցը։ ԲՀԿ-ի 36 կետից բաղկացած ծրագրում ընտրական գործընթացներին վերաբերող որևէ կետ չկա։
Սակայն Վահագն Հովակիմյանի այն պնդումը, որ 2018 թ. նախ հոկտեմբերի 22-ին, ապա հոկտեմբերի 29-ին ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կողմ են քվեարկել ԸՕ նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից, ճիշտ է։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, բայց խորհրդարան ընդունման է բերվել այլ նախագիծ, մասամբ է ճիշտ։ Դա հենց նիստի ժամանակ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս, սակայն, միաժամանակ պարզաբանեց, որ Վենետիկի հանձնաժողովի գործընկերները տեղեկացված են, որ փաթեթի մեջ ներառված մի հատված այսօր պատրաստվում են ընդունել։ «Ինչը որ մենք հիմա ընդունելու ենք, ներառված է այն մեծ փաթեթում, որն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով և որի վերաբերյալ կարծիքը կլինի»,- նշել է նա։
Նելլի Լազարյան