Շուռնուխից ևս 6 կով է անհետացել․ թշնամին ասել է՝ գտնենք՝ կվերադարձնենք
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից, մոտավորապես երեք օր առաջ, 6 կով է անհետացել։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ կովերն անհետացել են մառախուղի պատճառով և, ամենայն հավանականությամբ, անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։
«Եթե մեր տարածքներում լինեին՝ վաղուց գտած կլինեինք։ Մարզպետարանն ու համայքապետարանը համապետասխան միջոցներ են ձեռնարկում դրանք գտնելու համար, սակայն իրականում չեն կարող որևէ բան անել։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դիմել ենք ադրբեջանական կողմին, իսկ մեր այդ կառուցողական ընկերները ասում են՝ եթե գտնենք՝ կվերադարձնենք»,- ընդգծեց Արշակյանը։
Գյուղապետն ասաց, որ Շուռնուխում նույն կայուն, բայցև, «մանթրաշ» վիճակն է։
Արշակյանը նշեց՝ արդեն 3 օր է՝ որևէ նորություն չկա, անասուններն, ասես, հօդս են ցնդել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Շուռնուխի բնակիչ Գավրուշ Հակոբյանի՝ 13 կովերն էին անցել թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։
Արփինե Հակոբյան