Դիակը երթուղայինում էր, ժողովուրդը սարսափած. Երևանում տեղի ունեցած անմարդկային սպանության նոր մանրամասները
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության կենտորանական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կենտրոն վարչական շրջանի դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։