Կրակոցներ Արմավիրի մարզում.ավտոմատով կրակել են բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ
shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է որ կվիրավորի նրա հարազատներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը ովքեր պարզել են, որ նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։
Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնում են դեպքի վայր որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են հնչում։ Այդ մասին տեղեկանալով կրակոցների վայր են ժամանում Ոստիկանության Արմավիրի մարզայիմ վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի՝ հատապես կարևոր գործերով ավագ քննիչ Կ․ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզում են որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է ու սկսում են նրա հետ բանակցություններ վարել որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակում է կրակել ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակում, դրանից հետո ոստիկանները չիմանալով ինչ կլինի վտանգելով իրենց կյանքը մոտենում են կրակոցների ուղղությամբ որտեղ էլ «Ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերում են Ա․ Սլոյանին։
Ոստիկաների ու «Վաղարշապատի» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվում է հիվանդանոց։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենա, արնանման հետքեր։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Վ․ Բազունցի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, նա հեռախոսով մի քանի անգամ ինչ որ բաներ էր զեկուցում Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանին։ Տեղում աշխատում էր նաև Ոստիկանության Էջմիածնի բաժնի փորձաքրեագետ Ա․ Նավասարդյանը։ Մանրամասները քիչ ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: