100 տոկոսով պահպանվում է այն թեզը, որ Արթուր Վանեցյանը հնչեցրել է, այն է՝ նախկինին վերադարձ չի լինելու. «Հայրենիք» կուսակցության խոսնակը՝ ՀՀԿ-ի հետ դաշինքի մասին (տեսանյութ)
ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրությունների գնալու ելակետը այն մարտահրավերն է, որ այսօր ծառացած է մեր երկրի առջև։ Երկու կուսակցությունները եկել են այն եզրահանգման, որ դրանք իրապես հաղթահարելու համար այս ընտրական ցիկլի համար երկու կուսակցությունների ուժերի համադրումը ստեղծելու է ուժերի դասավորվածության այն իրավիճակը, որը ամենայն հավանականությամբ, շատ բարձր հավանականությամբ հենց պարտության է մատնելու այս իշխանություններին և հնարավորություն է ստեղծելու Հայաստանն ազատել այս արհավիրքից ու հնարավորություն տալ այս նոր քաղաքական կառուցվածքներ կազմակերպելու համար։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կոuսակցության մամլո խոսնակ Սոս Հակոբյանը։
Հարցին, թե 3 տարի առաջ հենց ՀՀԿ-ին և իր առաջնորդին էին Հայաստանում մերժում, ավելին այս կուսակցությունը 3 տարի առաջ չհաղթահարեց 5 տոկոսի շեմը՝ արդյոք այժմ այդ ուժի հետ դաշինքով գնալը խնդրահարույց չէ՝ նա նշեց, որ բնական է, որ հաշվարկել են ռիսկերը։ «Երկու ուժերն էլ իրենց առաջնորդներով լուրջ քաղաքական միավորներ են և եկեք հասկանանք, որ 2018 -ին և 2021-ին Հայաստանն ապրում է շատ տարբեր իրականություններում, մարդկանց սպասումներն ու ակնկալիքները և այսօրվա իրականությունը՝ երկու տարբեր աշխարհներ են, երկու տարբեր։ Իսկ կուսակցության ղեկավարը և կուսակցության անդամներն ասել են, որ «սևերի և սպիտակների» բաժանումը կեղծ օրակարգ է։ Միաժամանակ ասվել է, որ այն կեղծ օրակարգը, որ եղել է ամիսներ առաջ՝ դրան վերադարձ չի լինելու։ Դրան համակարծիք է նաև ՀՀԿ-ն։ Այն հին ֆորմացիան, որով Հայաստանն ապրել է՝ իր լավ և վատ կողմերով, անկախ այն քաղաքական ուժից, որ կլինի իշխանության, չի կարող նույնը լինել։ Դա պետք է փոխվի, մեզ պետք է նոր քաղաքական համակարգ, նոր ծրագրեր։ Բաժանումները կեղծ են, փոփոխությունները՝ անխուսափելի, այդ առումով կարծում եմ, թե նախկին հայտարարությունները, թե այսօրվա որոշումը ներդաշնակ է»։
Դիտարկմանը, թե Վանեցյանը տարիներ առաջ պնդում էր որ նախկինին վերադարձ չի լինելու՝ հիմա սա վերադա՞րձ է, նա ասաց, որ նախկինը այն արատավոր բարքերն են, որոնք եղել են։ «Այս դաշինքի և մեր քաղաքական ուժի առաջնային նպատակներից արդարության հաստատումն ու պահպանումն է՝ մերժելով բոլոր արատավոր բարքերը, որ եղել է 30 տարվա պատմության մեջ։ Առանց այդ թերությունները շտկելու՝ հնարավոր չի լինելու երկիրը բերել մի վիճակի, որը թույլ կտա դիմագրավել թե արտաքին թշնամիներին, թե ներքին։ Հետևաբար, 100 տոկոսով պահպանվում է այդ թեզը, որ Արթուր Վանեցյանը հնչեցրել է, այդ արատավոր բարքերը եղել են, դա մեր հասարակությանը հատուկ է, ոչ ոք դրանք չի ներկրել դրսից, դրանք պետք է փոխվեն։ Դա պետք է մերժվի ցանկացած նոր իշխանության կողմից»։