Վերջին անգամ տան անդամների հետ խոսելիս ասել էր՝ թեժ մարտեր են, հնարավոր է՝ չվերադառնամ /տեսանյութ/
Ոստիկանության զորքերի ծառայող Բենիկ Լալայանը ծնվել էր 1995 թվականին, Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, 2013-2015 թվականներին ծառայել Արցախում, 2015-2017 թվականներին՝ սահմանապահ զորքերում, իսկ 2017 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ 2018 թվականից հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար իրականացրել էին մարտական հերթապահություն։
Բենիկ Լալայանը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մինչև հոկտեմբերի 29-ը մասնակցեց Քարվաճառի շրջանի պաշտպանությանը։ Մեկ ամիս անց վերադարձավ տուն։ Մի քանի օրում նորոգեց տան տանիքը, իսկ նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ՝ Շուշի։
Բենիկ Լալայանն ու ծառայակիցները ահեղ մարտեր մղեցին։ Վերջին անգամ տան անդամների հետ խոսելիս ասել էր՝ թեժ մարտեր են, հնարավոր է՝ չվերադառնամ։ Նոյեմբերի 7-ից Բենիկից այդպես էլ ոչ մի լուր չեղավ…
Նորոգեց տան տանիքը, իսկ օրեր անց փլվեց տան սյուներից մեկը։ Լալայանների ավագ որդին՝ Բենիկ Լալայանը, զոհվեց նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Չվարանեց, չնահանջեց, կռվեց մինչև վերջ ու իր անունը փառքով գրեց հանուն հայրենիքի կյանքը տված հայորդիների շարքերում։