Մադուրոն սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունը, թե մի շարք պաշտոնյաներ ցանկանում էին իր հրաժարականը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունն այն մասին, որ Գերագույն դատարանի ղեկավարը եւ Վենեսուելայի նախագահական գվարդիայի հրամանատարը հանդես են եկել նախագահի պաշտոնից իր հրաժարականի օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրանք ասում են, որ Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաների խումբը բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ, որ թույլ տան պետական հեղաշրջում կատարել: Դա իրենք են ասում: Իրենք խումբ են անվանում Վենեսուելայի ազնիվ եւ հավատարիմ պաշտոնաներին: Պետական հեղաշրջման կազմակերպիչները խաբում են ոչ միայն իրենք իրենց, այլեւ խաբում են ամերիկյան իմպերիալիզմին եւ նրան ստիպում մտածել, որ ես պատրաստվում էի երկրից փախչել»,- ասել է Մադուրոն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պնդել էր, որ Վենեսուելայի պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ մի շարք այլ առանցքային դեմքեր հանդես են եկել Մադուրոյի հեռանալու օգտին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին հայտարարել էր, որ Մադուրոն պատրաստվում էր երկրից հեռանալ եւ Կուբա փախչել, բայց ռուսաստանցի ներկայացուցիչները նրան համոզել են այդ քայլին չդիմել:
Երեքշաբթի ընդդիմությունը փորձել է Վենեսուելայում պետական հեղաշրջում կատարել: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Վենեսուելայի ժողովրդին եւ բանակին կոչ էր արել փողոցներ դուրս գալ՝ Մադուրոյին տապալելու «Ազատություն» գործողությունն ավարտելու համար: Նախագահը եւ պաշտպանության նախարարը հայտարարել էին լեգիտիմ իշխանություններին զինված ուժերի հավատարմության մասին: Երկրի իշխանությունները հայտարարել էին պետական հեղաշրջման փորձի ձախողման մասին: Մադուրոն կարգադրել էր սկսել երեքշաբթի տեղի ունեցած իրադարձությունների քննություն: