Հերոս փոխգնդապետի շքանաշանը հանձնեցին նրա որդուն
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ՀՀ Նախագահի հրամանագրով հետմահու ստացած «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանաշանը հանձնեց Վայքի զորամասի փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանի որդուն՝ Կարեն Արայի Շահբազյանին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը Արա Շահբազյանի հարազատների հետ այցելել էր հերոսի շիրիմին:
Մարզպետին ուղեկցում էին՝ ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի Վայքի զորամասի հրամանատարը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց ձորի բաժանմունքի ղեկավարը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը և Վայքի համայնքապետը:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Արա Շահբազյանի շիրիմին և խնկարկեցին նրա անմար հիշատակը:
Հերոսի հայրը՝ Խաչատուր Շահբազյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին: Նա շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն ծնողներին, ովքեր դաստիարակել են հայրենասեր զավակներ, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայենիքի, հանուն խաղաղության: Նա հաջողություններ մաղթեց Հայոց բանակին:
Նշենք, որ փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը ծնվել է Վայք քաղաքում 1982 թվականի հուլիսի 25-ին:
Շուրջ 22 տարի ծառայել է Հայոց բանակում:
Սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: 2019 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի Ժուկովի անվան ակադեմիայում:
Ծառայել է Վայքի, Սիսիանի զորամասերում' զբաղեցնելով դասակի, վաշտի հրամանատարի պաշտոններ: 2011-2018 թվականներին ընտանիքի հետ ապրել և ծառայել է Ջրականում (Ջաբրաիլ), զբաղեցնելով գումարտակի շտաբի պետի, զորամասի օպերատիվ բաժանմունքի պետի պաշտոնները: Մասնակցել ապրիլյան քառօրյային:
44-օրյա պատերազմի առաջին օրվանից Վայքի զորամասի հետ մեկնել է Ջրական՝ պաշտպանելու հարազատ դարձած սահմանները:
Արա Շահբազյանի և մերօրյա բոլոր հերոսների գործած սխրանքները երբեք չեն մոռացվելու, այլ սերունդների համար դառնալու են հայրենասիրության վառ օրինակ:
Հավերժ փառք մեր հերոսներին և բարի հիշատակ: