Անվանարկելու փոխարեն աշխատել է պետք
Հայաստանի գործող իշխանությունները քայլ առ քայլ գնում են դեպի իրենց ապազգային նպատակների վերջակետը, Հայաստանը թաղում են օրեցօր խորացող խնդիրների մեջ, շեղում հանրությանը տարատեսակ օրակարգերով, պարպում ընդդիմության ներուժը։
Այս իրավիճակում առավել քան տարօրինակ է իրենց ընդդիմադիր և անաչառ հռչակած որոշ ուժերի ու անձանց վարքը, որոնք փոխանակ ջանքեր գործադրեն Փաշինյանի ընդդիմախոսների համախմբման ուղղությամբ, մի բան էլ անվանարկում են այն անձանց, ովքեր կետ առ կետ ներկայացնում են առկա խնդիրները, ժողովրդին թմբիրից դուրս բերելու, իրավիճակը հանուն Հայաստանի հանգուցալուծելու ուղիները։
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն այն գործիչներից է, որ ամիսներ շարունակ ջանքեր է գործադրում ընդդիմությանը մեկ՝ իրատեսական օրակարգի բերելու, Փաշինյանի պարտադրած վտանգավոր ընտրական պայքարին մասնակցելու փոխարեն ճգնաժամային կառավարիչների ժամանակավոր կառավարություն կազմելու ուղղությամբ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը գլխահակ պատրաստվում են ընտրությունների՝ ընդունելով Փաշինյանի խաղի կանոնները։
Այս իրավիճակում առավել քան տարօրինակ է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամին մեղադրել իր խոստումները չկատարելու մեջ։ Գործիչը քայլ առ քայլ ներկայացրել, կետ առ կետ զգուշացրել է, թե ինչ խնդիրների է բախվելու Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի օրակարգով շարժվելու դեպքում։
Հայաստանյան առաջատար լրատվամիջոցներից մեկն էլ, ոչ ավել, ոչ պակաս, Արտակ Թովմասյանին էր մեղադրել խոստացված 44-օրյա ժամկետում իշխանափոխություն չանելու մեջ։
Մինչդեռ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի կողմից հայտարարված 44-օրյա պայքարը հասել է իր առջև դրված արդյունքին։
Նախաձեռնության փաստարկները ներկայացնենք ստորև․
- «Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։
- Մարտի 11-ին, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հրաժարականի համար 44-օրյա պայքար սկսելու մասին։
- Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
- Ապրիլի 25-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որը համապատասխանում էր «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության սահմանած ժամկետի ավարտին։
- Մայիսի 5-ին Արտակ Թովմասյանը ուղերձով դիմեց ԱԺ պատգամավորներին` զգուշացնելով, որ եթե գնան նախընտրական պրոցեսների, կունենանք նոր կորուստներ, և երկիրը ցնցումների չտանելու համար պատգամավորները մինչև մայիսի 10-ը ժամանակ ունեին։
- Մայիսի 11-ին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածքի մի շարք հատվածներ։
Ավելի վաղ Արտակ Թովմասյանն իր հարցազրույցներում և տեսաուղերձներում քանիցս առաջ էր քաշել ճգնաժամային կառավարիչների ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը, որը 6-12 ամսվա ընթացքում փոփոխություններ կաներ գործող Սահմանադրության և ԸՕ-ի մեջ, և դրանից հետո միայն ճիշտ կլիներ կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ ցնցումներից խուսափելու համար։ Ի դեպ, օրեր առաջ նման առաջարկ արեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ, թեև արդեն իրավական մեխանիզմներ չկան»,- ասվում է նախաձեռնության պատասխանում։
Իսկ մայիսի 24-ին` ժամը 18։30-ին, Արտակ Թովմասյանը հրավիրում է բոլորին «Դվին» համալիր՝ միասին քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողության։
Արմեն Սահակյան