Զգուշացում. Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը. Թուրքագետ
Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը։
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։
Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է հայկական Արցախից։ Որպես արդյունք՝ Արցախի հայությունը վերջնականապես հայաթափվում է։
Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչյանի քարտեզները՝ հանձնվող տարածքների նշումով) որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր տարիներին տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշեն)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի, ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։
Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն, որը ամեն հարմար առիթի փորձելու է խորացնել ներկայությունը և ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական ճանապարհաների անվտանգությունը։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը արդեն դեկտեմբերից թուրքերի վերահսկողության տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի նաև Վրաստանի հետ կապող ճանապարհը (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհը)։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։
Հայաստանը Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, որը ամրագրված է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթով։ Հայաստանը որևէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն, այլև որևէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։
Ադրբեջանը և Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպեսզի մենք հրաժարվենք սեփական բանակից (այդ թեմայով արդեն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիվը)։ Մենք զրկված ենք լինելու դիմադրելու որևէ հնարավորությունից
Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։ Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը։
Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխալվում եք։
Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի երկրորդ կապիտուլիացիան։ Եվ դա անելուն կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։
Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվեք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դավաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել։
Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։
Թուրքագետ Վարուժան Գեղամյան