2 քաղաքացի լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ. Շրջակա միջավայրի նախարարություն
Newspress.am կայքն ահազանգել է Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության վերաբերյալ։
Համացանցում է հայտնվել լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Նրանք, ըստ ամենայնի, սպանել են այդ քոթոթին ու հպարտանում են իրենց որսով։
Շրջակա միջավայրի նախարարությունը դիմում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։
Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։
Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով
կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB (թեժ գիծ՝119) կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
Շրջակա միջավայրի նախարարություն