Ամերիկյան դպրոցականներին խուզարկել են բարձր ծիծաղի պատճառով
Բինհեմթոնում East Middle School միջին դպրոցի չորս աշակերտուհիներ դուրս են եկել ճաշարանից եւ, ըստ իրենց, խոսելով ու ծիծաղելով քայլել միջանցքով, երբ նրանց կանգնեցրել է տնօրենը։
USA.one-ը հայտնում է, որ աշակերտուհիների ընտանիքների եւ իրավաբանական NAACP Legal Defense Fund ընկերության ներկայացրած հայցի համաձայն՝ աղջիկներին տարել են դպրոցի բուժկետ եւ առանց բացատրության ենթարկել «խտրական, անմարդկային եւ անօրինական խուզարկության՝ հագուստը հանելու միջոցով»։ Այս միջադեպը եւ դատական հայցը հանգեցրել են նրան, որ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է նահանգի կրթության դեպարտամենտի կողմից հետաքննության մասին։ «Պահանջել, որ երեխան հանի հագուստը, իսկ այնուհետեւ մեկնաբանություններ կատարել նրա մարմնի վերաբերյալ՝ դա ամոթալի, նվաստացուցիչ, տրավմա պատճառող սեքսուալ բռնություն է»,- հայտարարել է նա։
Դատական հայցի համաձայն, բուժքույրը խուզարկել է աղջիկներին եւ նրանց հագուստը եւ նրանցից յուրաքանչյուրի մարմնի հետ կապված նվաստացուցիչ մեկնաբանություններ արել։ Բուժքույրը մեղադրվում է նաեւ նրանում, որ աղջիկներից մեկին ստիպել է ալկոհոլի ընդունման թեսթ անցնել, սակայն որեւէ արգելված բան չի հայտանաբերվել։ Ընդգծվում է նաեւ, որ մինչ այդ խուզարկությունը դպրոցի աշխատակիցները երբեք չեն կապվել աղջիկների ծնողների հետ, իսկ տնօրեն Թիմ Սիմոնդսը ավելի ուշ ծնողներին ասել է, թե աշակերտներին ստիպել է ստուգում անցնել, քանի որ իրեն թվացել է, որ նրանք նյարդային ու գրգռված են։ Հայցում ընդգծվում է, որ դեռահասների ծիծաղն ու գրգռվածությունը ուսումնական հաստատությունում նրանց խուզարկելը արդարացնող փաստարկ չեն։