Եվրոպայի առանցքային խնդիրը «լիբիդոյի» կորուստն է. Ժան-Կլոդ Յունկեր
Եվրոպայի առանցքային խնդիրը «լիբիդոյի» կորուստն է, կարծում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ «Մենք միմյանց չենք սիրում։ Մենք կորցրել ենք մեր հավաքական լիբիդոն»,- ասել է Յունկերը գերմանական Handelsblatt թերթի հարցազրույցում։
«Մենք՝ եվրոպացիներս, բավարար չափով չենք ճանաչում միմյանց։ Մարդիկ Լապլանդիայում պատկերացում չունեն, թե ինչն է առաջ մղում մարդկանց Սիցիլիայում»,- ասել է նա։ «Բայց ԵՄ-ը կարիք ունի բոլորի համար համատեղ կանոնների։ Ուստի, մենք պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնենք մյուսների զգացողություններին»։
Նրա խոսքով՝ վերջին անգամ Եվրոպայում «հավաքական լիբիդոն» տեւել է 5-6 տարի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սակայն Յունկերը կարծում է, որ «մեր օրերում եվրոպացիների համար շատ ավելի հեշտ պետք է լինի սիրահարվելը միմյանց, քան 1952-ին»։
Մեկնաբանելով Եվրոպայում թափ հավաքող ամբոխահաճ եւ ազգայնական շարժումները Եվրախորհրդարանի ընտրություններին ընդառաջ՝ Յունկերն ասել է, որ ավանդական պահպանողական եւ սոցիալիստական խմբերի համար հեշտ չի լինի միասին մնալ։
«Եվրախորհրդարանում երկու մեծ խմբերի միջեւ գոյություն ունի թշնամանք, որն առաջ չկար»,- ասել է նա՝ նկատի ունենալով իր աջ կենտրոնական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը եւ սոցիալիստներին ու դեմոկրատներին։ «Կողմերի կառուցվածքը այնքան անհամատեղելի է դարձել, որ այն դժվար է նկարագրել»։