Ադրբեջանցիների փակած ճանապարհները ըստ ԽՍՀՄ քարտեզների Հայաստանինը չեն. կա այլընտրանքային ճանապարհ. Փաշինյան
Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհի այն հատվածներում, որոնք ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, փակել են ադրբեջանցիները՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին: Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից երեկ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելուն:
«Մենք պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա՚:
Նրա խոսքով՝ նաև փորձ է արվում տարածել, թե ՀՀ կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել: «Դեկտեմբերի 19-ին ես հանդես եմ եկել ուղերձով և խոսել եմ Գորիս-Կապան հատվածում խնդիրների մասին, ասել եմ, որ մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: Կհարցնեք՝ ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ո՛չ, չունեցանք»,-ասաց նա, ապա շարունակեց.
«Բայց այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է, ինչպես գրված է ՊՆ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։ Եվ ամրագրվել է այդ պայմանավորվածությունը։ Եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել։ Սա է ամբողջ խնդիրը»:
Փաշինյանը հայտարարեց նաև, որ Սյունիքում կա այլ՝ Կապան-Աղվանի ճանապարհը. «Այն մեծ տեմպերով ասֆալտապատում ենք։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ»,-ասաց նա՝ նշելով, թե կանխատեսել են, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել:
Ըստ Փաշինյանի՝ փորձ արվեց վիճարկել՝ արդյո՞ք ընտրությունների արդյունքերով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է. «Այո՛, հաղթահարվել է: Ուզում եմ ասել, որ մենք, մեծ հաշվով, ներքին մարտահրավեր չենք էլ ունեցել: Մենք ասել ենք ներքաղաքական ճգնաժամ, բայց մենք ներքին խնդիր չենք ունեցել ու այսօր էլ չունենք, չենք էլ ունենալու»,-ասաց նա: