Երբ հետ եմ նայում՝ հասկանում եմ, որ տարիներ առաջ չունեի ոչինչ, ինչը կարող էր օգնել, որպեսզի ես դառնամ այն, ինչ կամ այսօր․ Էմանուել Հակոբյանն իր հայտնիության և գրանցած հաջողության մասին
Երաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը (Eman), ով հայկական շոու բիզնեսում առաջիններից էր, որ հին երգերը նորովի ներկայացրեց։ Ինչպես Էմանուելն է պատմում, իր նպատակն էր երիտասարդ սերնդին ներկայացնել հին, բայց և չմոռացված երգերը։
«Առաջին համագործակցություններից մեկը Ֆելիքս Խաչատրյանի հետ էր՝ 3․33 խմբի շրջանականերում։ Ժողովրդական «Չինար ես» երգը ներկայացրինք ռեպ տարբերակով, ինչը մեծ հաջողություն ունեցավ և ինչից հետո շատ արտիստներ որդեգրեցին այս աշխատելաոճը»,- ասաց Էմանուելը։
Ի դեպ՝ Էմանուել Հակոբյանն արդեն հասցրել է հանրության դատին հանձնել նաև իր երկու անհատական աշխատանքները՝ «Slamp» և «The Melody of Nature»:
«Գիտեք, այն ամենին, ինչին ես հասել եմ, մեծ ջանքերի, աշխատասիրության և իմ համառության արդյունքում է եղել, քանի որ, երբ ես հետ եմ նայում, հասկանում եմ, որ տարիներ առաջ ես չունեի ոչինչ, ինչը կարող էր ինձ օգնել, որպեսզի ես դառնամ այն, ինչ կամ այսօր։ Իսկ սեփական երաժշտական ստուդիա ունենալու մասին անգամ խոսք լինել չէր կարող, քանի որ դրա համար պարզապես գումար չկար։ Բայց քանի որ իմ սերը երաժշտության հանդեպ այնքան մեծ է, որ ես նույնիսկ կարողացա հաղթահարել անհաղթահարելին, վկայում է այն մասին, որ ես ինձ համար ընտրել եմ ճիշտ ուղի, որով փորձում եմ պարզապես հպարտ առաջ քայլել։ Թերևս, խոսքերիս ապացույցն էլ այն էր, որ ինձ իրենց երգերի գործիքավորումներն են վստահում այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Արամ MP3-ը, Գայա Արզումանյանը, Իվետա Մուկուչյանը, Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը, Գևորգ Սիրեկանյանը և այլք»։
Իսկ անդրադառնալով իր և Սիրուշոյի համագործակցությանը՝ Էմանուել Հակոբյանն ասաց․
«Խոսքը Սիրուշոյի «Zoma Zoma» երգի remix տարբերակի մասին է։ Իմ տարբերակով գործիքավորելով երգի երաժշտությունը և ուղարկելով նրան՝ Սիրուշոն այն ընդգրկեց իր «Armat» ձայնասկավառակում։