Երբ մթնում է կամ մառախուղ է՝ ադրբեջանցիները կրակում են
ArmDaily.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի բնակիչ Ատոմ Ղարիբյանը տեղեկացրեց, որ գյուղում իրավիճակը հանդարտ է։ Հրդեհները մարվել են, ադրբեջանցիները սադրանքների հիմնականում չեն դիմում։ «Միայն երեկոյան կողմ, երբ արդեն մթնում է կամ մառախուղ է, կրակում են մեկ-երկու հատ՝ դա էլ երևի վախից, մտածելով, որ մառախուղից օգտվելով կարող են հայերը բարձրանալ իրենց դիրքեր»,-ասաց Ղարիբյանը։
Նա նշեց, որ հրդեհների հետևանքով Կութի բնակիչները կանգնել են կենդանիներին խոտով ապահովելու խնդրի առաջ ու գյուղացիներից մեկն իր ունեցած բեռնատարով Հոկտեմբերյանից է խոտ գնել։ Բայց թե գյուղի մյուս բնակիչներն ինչպես են հոգալու կենդանիների խոտի հարցը՝ հայտնի չի։
Սոթքում հիմնական հրդեհները ևս մարվել են։ Այս մասին մեզ տեղեկացրեց Սոթքի բնակիչն, ով խնդրեց չհանրայնացնել իր անունը։ «Հիմնական հրդեհը մարվել է, միայն կենտրոնական հատվածներում սևացած տարածքներում երեկ ծխում էր, բայց էսօրվա դրությամբ այդ ծուխն էլ չի երևում։ Երեկ էլ կրակոցներ չեն հնչել ադրբեջանցիների կողմից։ Այս պահին ամենահրատապ հարցը անասուններին խոտով ապահովելն է»,-նշեց Սոթքի բնակիչը։