Մեկ զոհ, մեկ վիրավոր. կրակել են իրար վրա. նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպից: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով, բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր: Մեր նախնական տեղեկություններով, տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա:
Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում միջանձնային հարաբերությունների հետեւանքով նման միջադեպերն ավելի հաճախ են դարձել: Սյունիքի մարտական հենակետերից մեկում օգոստոսի 19-ի գիշերը 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել. 3-ն էլ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։