«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Փաշինյանի հանդիպման առաջարկը. եթե հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է տարածաշրջանային հարցերի, գրում է haqqin.az-ը :
«Արդյոք Զանգեզուրի միջանցքը կբացվի՞. դա քաղաքական հարց է: Զանգեզուրի միջանցքի բացումը դրական ներդրում կունենա հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունների հաղթահարման գործում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա հավելել է, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի:
«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- հայտարարել է Էրդողանը: