Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ. Եթե Սո՛ւրդ չես հանում պատյանից, Սո՛ւրդ ժանգոտվում է
Անպարտելի՛ Հայ Ազգ
Հերոս Հայ քաջորդիների անձնազոհության, նվիրումի և խիզախության շնորհիվ՝ Հայաստանը 30 տարի առաջ կրկին վերականգնեց իր անկախությունը, և դարերի դաժան փորձությունների միջով անցած Հայ ժողովրդի հայրենիք Հայաստանը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին՝ ի հեճուկս մեր բազում թշնամիների։
Անկախության օրհնյալ զարթոնքի ուժով՝ մենք վերականգնեցինք դարերով կորստյան մատնած Հայոց փառքի դաբնիները՝ Հայ ժողովրդի համար ապահովելով ազգային դիմադրության ոգի և միջազգային արդի քաղաքականության դժվարին դերակատարումներին մասնակցելու հաստատուն ճանապարհ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ փառավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ և մաղթում դեպի հավերժություն քայլող ուժեղ ու անպարտելի Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, իսկ ուժն ու կայունությունը՝ բոլորիս համար բացարձակ արժեք դարձած Հայոց անկախ պետությունը:
Միշտ գիտակցե՛ք, որ Հայոց անկախ պետությունը յուրաքանչյուր Հայի համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը։
Փա՜ռք Հայոց անկախությունը կերտած հերոս Հայ ազգին:
Հավերժ խոնարհում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակի առջև։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում Հայոց անխախտ լեռների համառությունն ու սառնասրտությունը և Հայոց արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը:
Հայրենատե՛ր Հայ Ազգ,
Եթե Սո՛ւրդ չես հանում պատյանից, Սո՛ւրդ ժանգոտվում է:
Շատ շուտով մենք՝ Հայ ազգի հայրենասեր սերունդը, մեր հերոս հայրերի ու պապերի հաղթանակած Սուրը հանելու ենք պատյանից և ազատագրելու ենք մեր Սուրբ Արցախն ամբողջությամբ, ազատագրելու ենք հայկական պատմական Նախիջևանը, վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու կառուցելու ենք Քրիստոնյա, ուժեղ և միասնական Հայաստան:
Հայն ունի երկու հավատ՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում եւ ուղեղներում:
Աստված պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հա՛յ Ազգին և Հայոց Սուրբ Հո՛ղը։
Շնորհավո՛ր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան