Անակնկալ կերպով իմացա, որ Դավիթի հետ լուսանկար ունեմ․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մեխակավանում տեղակայված զորամասի գումարտակներից մեկի զոհված հրամանատար, փոխգնդապետ Դավիթ Նազարյանի գրքի շնորհանդեսին և ֆիլմի պրեմիերային էի գնացել։
Դավիթի հետ Մեխակավանի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում էի ծանոթացել։
Շատ բարի, մարդամոտ, հանգիստ բնավորությամբ սպա էր, ով առավոտից երեկո իր գումարտակի պահպանության/պաշտպանության հատվածում օր ու գիշեր ամրաշինական աշխատանք էր տանում, մշտապես լրջությամբ հետևում ծառայության պատշաճ իրականացմանը։
Այս պատերազմի ընթացքում Դավիթի հրամանատարության տակ գտնվող գումարտակն իր վրա վերցրեց թշնամու հարվածի գլխավոր ծանրությունը, ամեն ինչ արեց պատերազմի ելքը փոխելու և սահմանի՝ իր պատասխանատվության տակ գտնվող հատվածի պաշտպանության համար։
Այս պատերազմն անմահացրեց Դավիթին և իր պես շատ հայորդիների։
Դավիթի հետ տարբեր զորամասերում ծառայած մեծ թվով ծառայողներ եկել էին հարգանքի տուրք մատուցելու և նրա ընտանիքին իրենց սատարումը հայտնելու, հիշեցնելու, որ նրա նման սպաների միջոցով ենք վերականգնելու մեր բանակի հեղինակությունը։
Անակնկալ կերպով իմացա, որ Դավիթի հետ լուսանկար ունեմ։
Ընկերս էր նկարել, ով հետագայում փոխանցել էր Դավիթի ընտանիքին։ Լուսանկարը 2020 թվականի տարեսկզբին է արված։