Տավուշի «Շորի աղբյուր» հանդամասում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում
Ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քոնքի շրջանում քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Բերդ քաղաքի բնակիչ, 84-ամյա Վալոդ Բ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինիս ազգականը՝ 38-ամյա Վարդան Բ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ընկերներ, Տավուշի մարզի բնակիչներ, 32-ամյա Արսեն Բ.-ի, 48-ամյա Մհեր Բ.-ի և 34-ամյա Գարիկ Ս.-ի հետ վիրավորին գտել են Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Շորի աղբյուր» կոչվող հանդամասում՝ անգիտակից վիճակում:
Կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Վալոդ Բ.-ն նշված բժշկական կենտրոնում բժիշկների ներկայությամբ գիտակցության չգալով՝ մահացել է: Վարդան Բ.-ն, Մհեր Բ.-ն, Գարիկ Ս.-ն և Արսեն Բ.-ն ուժային կառույցների ծառայողներ են: