Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունների միջև, ամենայն հավանականությամբ, գաղտնի և չհրապարակվող կապեր կան, ինչը վտանգավոր է մեր երկրի համար. Քաղաքագետ
Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունների միջև, ամենայն հավանականությամբ, գաղտնի և չհրապարակվող կապեր կան. երբ երկու երկրների միջև առկա են խնդիրներ, սակայն չկան դիվանագիտական շփումներ, ապա նման սցենարը լիովին հնարավոր է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
«Ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական գաղտնի շփումները վտանգավոր են մեր երկրի համար, որովհետև չեմ կարծում, որ ՀՀ գործող իշխանությունները որևէ դրական բան են անում Հայաստանի համար։ Երկրորդ՝ եթե շփումներում մեր երկրի համար դրական որևէ բան լիներ, իշխանությունն իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով անընդհատ կթմբկահարեր այդ մասին։ Իսկ այժմ, կարծում եմ, հանրային կարծիքից վախնալու պատճառ ունեն», - ասաց նա։
Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ պետք է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական:
Բացի այդ, նա ասել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների:
Իսկ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կան գաղտնի կապեր և բանակցություններ, և դրանք չեն բխում ՀՀ շահերից։