5 պատճառ, թե ինչու եմ սատարում Առուշ Առուշանյանին. Արտուր Խոջաբաղյան
Մի քանի առանցքային դիտարկում ունեմ Գորիսի ՏԻՄ ընտրությունների հետ կապված եւ անհրաժեշտ եմ համարում հրապարակայնացնել դրանք։ Ում հետաքրքիր է իմ կարծիքը, ցանկությունս է, որ մինչեւ վերջ ծանոթանան նշածս պատճառներին։ Պատրաստ եմ լսել նաեւ ձեր քննադատություններն ու առարկությունները եւ մտնել քննարման մեջ ձեր բերված փաստերի եւ դիտարկումների հետ։
Շատերը գիտեն, որ ինքս միշտ ցանկացել եւ ցանկանում եմ եւ իմ շատ քայլեր էլ միտված են հենց այդ ցանկության իրագործմանը՝ դա քաղաքի միասնականությունն է, համերաշխությունը եւ Գորիսի բնակչության պոտենցիալի ռեալիզացումը։Վերջնական արդյունքում, մենք կարող ենք ունենալ ներքին կազմակերպվածության այնպիսի բարձր մակարդակ, որ մեր խնդիրների, դրանց լուծման ուղղությունների եւ թեկուզ հենց ընտրությունների հարցում լինենք ինքնաբավ եւ ոչ ոք, ոչ մի քաղաքական հոսանք, ուժ չկարողանա իր սեփական օրակարգը բերել մեր քաղաք։Սրան հասնելու համար մենք միմյանց հետ երկար աշխատանք ունենք անելու, միմյանց հետ դեռ շատ պիտի երկխոսենք եւ կամաց֊կամաց ստեղծենք մեր սեփական տեղայնացված մեխանիզմները տարբեր հարցերի շուրջ։ Այս մոտեցումը բխում է նաեւ հենց ժողովրդավարության առանցքային նորմերից։ Պատահական չէ, որ համայնքներում ղեկավարները ոչ թե նշանակովի են, այլ ընտրովի։ Սա հենց առաջին հերթին նպատակ ունի համայնքներին տալ ինքնաբավություն եւ գնալ ապակենտրոնացման ճանապարհով։ Սա ժողովրդավարական երկիր ստեղծելու առաջին նախապայմաններից մեկն է, չնայած նրան, որ այսօրվա իշխանությունները ագրեսիվ ձեւով պայքարում են համայնքներում, որպեսզի իրենց ներկայացուցիչներն ունենան, արդյունքում «Տեղական Ինքնակառավարվող Մարմինները» դարձնելով կենտրոնից կառավարվող մարմինների։Սա այն հինգ պատճառներից առաջինն է, որ ես այս ընտրություններում սատարում եմ «Առուշ Առուշանյան» դաշինքին։
Այսօր Գորիսում ունենք եւս երկու քաղաքական ուժ, ովքեր մասնակցում են ՏԻՄ ընտրություններին։ Չնայած այն բանին, որ այդ երկու խմբերում էլ ունեմ հարազատ մարդիկ, ընկերներ, (Գորիսը փոքր քաղաք է եւ այստեղ գործում են բարեկամական, տոհմական եւ ընկերական կապեր) բայց այդ խմբակցությունների քաղաքական հայացքներն առնվազն անընդունելի են ինձ համար, որովհետեւ նրանք ղեկավարվում են լիբերալ (գլոբալիստական) ուժերի կողմից։ Նրանք «Ընտանեկան բռնության օրենքի», «Լանզարոտի եւ Ստամբուլյան կոնվենցիայի» ջատագովներն են, ովքեր քարոզում են լոյալություն այլասերությունների հանդեպ, ովքեր արդեն սեռական դաստիարակության մասին մշակված կրթական չափորոշիչները մտցրել են դպրոց։ Սրանք միջազգային օրակարգեր են, որոնք արդեն իսկ գործում են շատ երկներում եւ պատուհաս են դարձել այդ երկրների ազգայնական մտածող մարդկանց գլխին։ Ու հիմա այդ այլանդակությունները կամաց կամաց սողոսկում են մեր հասարակության ամենատարբեր շերտեր ու ցայսօր չկա որեւէ համակարգված դիմադրություն այդ աղետին։ Սա ընդհանուր առմամբ համաշխարհային քաղաքացիական պատերազմի փրփուրներն են, որ հասել են նաեւ մեր ափերը, բայց որքան շատանան այս քաղաքական հոսանքների գաղափարական սպասարկուները, ցավալիորեն, այնքան ավելի կմոտենան գաղափարական հողի վրա կոշտ պայքարի միջոցները։ Իմ ճանաչած մարդկանց մեծ մասը, վստահ եմ, որ պատկերացում անգամ չունեն թե ինչպիսի հզոր ու այլասերված գաղափարական հոսանքների են հարում ՀԱԿ֊ի կամ ՔՊ֊ի վերնախավի մարդիկ, բայց վստահ եմ, որ կգա ժամանակը եւ նրանք բոլորը կընդունեն այդ պարզ ճշմարտությունը։ Սա երկրորդ առանցքային պատճառն է, որ ես սատարում եմ «Առուշ Առուշանյան» դաշինքին։
Երրորդը Արցախի ազատագրված տարածքների հանդեպ վերաբերմուքն է։ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասողի թիմի անդամներն այսօր խելոք, գլուխները կախ ամեն առիթ օգտագործում են շեշտելու, որ իրենց կողմից առանց կրակոցի հանձնված տարածքներն ադրբեջանական են։ Չերչիլն ասում է, եթե ընտրում ես նվաստացում պատերազմի փոխարեն, ապա կստանաս եւ պատերազմ, եւ նվաստացում։ Մենք ամեն օր ստանում ենք նվաստացում, իսկ Ադրբեջանը սպառնում է նվաճել Զանգեզուրը։ Անթույլատրելի է որ նման խայտառակ քաղաքական կուրս սպասարկող իշխանությունն այսօր հաջողի Գորիս քաղաքում։ Դա ուղիղ իմաստով սպառնալիք է մեր անվտագնությանը։ Գորիսեցին նվաստացումն անհադուրժող կերպար է եւ վստահ եմ, որ շարքային գորիսեցու համար անհասկանալի է, թե ինչու Որոտանում թշնամին կարողանում է կանգնեցնել մեր ավտոբուսը եւ դրա վրայից ջնջել հայկական դրոշը, անհասկանալի է, թե ինչպես ցայսօր թշնամին գտնվում է Սեւ լճում։ Այս ակնհայտ նվաստացումն անտեսելը ես համարում եմ անհեռատեսություն եւ միայն շատ նեղ ներկայի հնարավորությունների գերագնահատում։
Ես ցանկանում եմ առանձնացնել նաեւ այսօր Առուշ Առուշանյանի հանդեպ կիրառվող քաղաքական եւ շինծու հետապնդումները։Ցայսօր Առուշ Առուշանյանին մեղադրում էին մի շարք քրեական գործերի մեջ, բայց վերջում կալանավորեցին ընտրակաշառքի թեմայով։ Սա առաջինը ցույց է տալիս, որ նախկինում իր հասցեին հրապարակված մեղադրանքները չունեն բավարար ապացույցներ, երկրորդը՝ առկա մեղադրանքը պարզապես ծիծաղ է առաջացնում։ Գործող տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինայանին նույնպես պետք է ձերբակալել, քանի որ նա նույնպես ձեռնամուխ է եղել սոցիալական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ իրականացրել է քարոզչություն իրեն ընտրելու ուղղությամբ։ Ես ասեմ Նիկոլ Փաշինյան, դուք հասկացեք օրինակ Մելիքսեթ Պողոսյան եւ այն բոլորին, ովքեր ընտրությունների ընթացքում իրականացրել են սոցիալական ծրագրեր եւ օգնություններ՝ մինեւնույն ժամանակ իրականացնելով քարոզչություն վերջին ընտրություններում։ Առկա անարդարությունը եւ պաշտոնեական դիրքի չարաշահումը զայրույթ է առաջացնում։ Սա պատճառներից չորրորդն է, որ ես սատարում եմ «Առուշ Առուշանյան» դաշինքին։
Եվ վերջապես հինգերրորդը, թերեւս ամենակարեւորը։Դա Առուշանյանի արդյունավետ կառավարումն է։ Իր կառավարման օրոք Գորիսը բազմիցս հիշատակվել է որպես օրինակելի համայնք հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից։ Առանց դրա էլ, բոլոր գորիսեցիներն իսկույն նկատել են ակնհայտ տարբերությունը՝ 2017թ․֊ից սկսված կատարվող լայնածավալ աշխատանքները։ Իհարկե եղել են նաեւ բացթողումներ եւ ցանկանում եմ նշել, որ Առուշանյանի հետ շատ հեշտ է քննարկել իր բացթողումներն ու սխալները։ Նա միշտ պատրաստ է եղել լսել քննադատությունները, անկախ նրանից կհամաձայնվեր դրա հետ թե ոչ։ Աշխատելաոճի այս թափանցիկությունն ու պարզությունն էլ թերեւս պատճառներից մեկն է, որ նա վայելում է գորիսեցիների հարգանքն ու սերը։Ես կարող եմ էլի կետեր առանձնանցնել։ Բայց այսքանն էլ կարծում եմ համոզիչ կետեր են, թե ինչու է ճիշտ այս ընտրություններում կանգնել Առուշ Առուշանյանի կողքին։հ․գ․ իսկ ընտրված լուսանկարը հատուկ նրանց համար, ովքեր համակրում են նվաստացումը՝ խաղաղության դիմաց օրակարգին։ Արխային եղեք, էս երեխեքն արդեն մեծանում են Սյունիքի վրա հարձակվելու համար։