Բոլորին մեկուսացրել էին՝ անձամբ Նիկոլի հրամանով. բացառիկ մանրամասներ է հրապարակվել պատերազմական օրերից
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը բացառիկ մանրամասներ է հրապարակել պատերազմական օրերից.
«Սեպտեմբերի 29-ին Գերագույն Մարմնի հերթական նիստն էր։ Նիստին ներկա էր նաև Հրանտ Մարգարյանը։ Ընկերը ներկայացրեց ՀՅԴ «Կամավորական շարժում» հ/կ֊ի աշխատանքները, ասաց, որ արդեն 800 կամավորագրված կա, առաջին վաշտը տեղակայված է հյուսիսում, սպասում ենք ՊՆ-ի հրահանգին, որ երկրորդ վաշտը մեկնի, մինչև այդ, ասաց, որոշել ենք կամավորներին մեկնումից առաջ մի քանի օր մարզել, և արդեն աշխատանքները սկսել են Բյուրականի բանակավայրում։
Քննարկվեց նաև վաշտերին անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցը։
Նիստին քննարկվեց ընդհանուր վիճակը, արդեն ունեինք բազմաթիվ մտահոգություններ, որոշվեց դրանք արձանագրել և նամակով փոխանցել Նիկոլ Փաշինյանին, բայց վերջում որոշեցինք անձամբ հանդիպել, որպեսզի լսենք նաև այդ հարցերի մասին իր պատկերացումները։
Հոկտեմբերի 1-ին ես, Հրանտ Մարգարյանը և Արմեն Ռուստամյանը հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանին։
Հանդիպումը տևեց մոտ մեկ ժամ, մենք ներկայացրինք մի շարք հարցեր, մասնավորապես.
1. Ասացինք` սխալ էր ապահով շրջանների տարհանումը, այս պահին Ստեփանակերտում նույնիսկ հացթուխ չկա և առհասարակ թիկունքի աշխատանքները շատ վատ է կազմակերպված։
2. ՄՈԲ-ի աշխատանքները կազմակերպված չեն, բարձիթողի վիճակ է, բերեցինք կոնկրետ օրինակներ։
3. Նշեցինք՝ սա լինել-չլինելու պատերազմ է, պետք է մի կողմ դնել հին-նոր, նախկին-ներկա հարցերը, համախմբել բոլոր ուժերը։
4. Կարևորեցինք ՌԴ-ի հետ ճիշտ բանակցությունները, արդյունավետ աշխատանքը, ներկայացրինք այս ուղղությամբ մի քանի առաջարկներ:
Լսեց բարձրացրած հարցերը, գրեց իր մոտ, որոշ հարցերի պատասխանեց, նաև մեր առաջարկով նկարագրեց սահմանային իրավիճակը, վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով աշխատում են, շնորհակալություն հայտնեց կամավորական շարժման աշխատանքների, ինչպես նաև դրսում ՀՅԴ Հայ Դատի մարմինների կատարած աշխատանքի համար։
Այդ օրը նաև ՆՓ-ին հստակ ասացինք, որ մեր կարծիքով պատերազմը երկար է տևելու, պետք է ռեսուրսները ճիշտ գնահատել և չսխալվել։
ՆՓ-ի հետ պատերազմի ընթացքում հանդիպել ենք 5 անգամ և սա առաջին հանդիպումն էր։
Հոկտեմբերի 2-ին զոհվեց ընկեր Գեղամ Մուշեղյանը։ Գեղամը ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահն էր, իր համառ և պահանջկոտ բնավորության համար ընկերները «Մուննաթ» էին ասում։ Մասնակցել էր Արցախյան նախորդ երկու պատերազմներին, իսկական հայ, լավ մարդ, լավ ընկեր...
Հոկտեմբերի 2-ին ունեինք նաև վիրավորներ` ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներ Յուրան, Արսենը, Գևորգը, նաև ավագ ընկերներից Քեռին, Ուրֆոն, Շահենը, Մայիսը, Մակիչը։
Իմ Արցախ գնալը պլանավորված էր հոկտեմբերի 4-ին, բայց այդ լուրը լսելուց հետո ԳՄ ընկերների համաձայնությունը ստացա և շարժվեցի Արցախ։
(Արդեն ասել էի` կար պարտականությունների բաշխում, և ամեն ինչ պետք է արվեր համաձայնեցված)։
Ճանապարհին անընդհատ կապի մեջ էի վիրավոր ընկերների հետ, ովքեր տեղափոխվում էին Սիսիանի հոսպիտալ։
Մեծ դժվարությամբ հոսպիտալում հանդիպեցի տղաներին։ Հոսպիտալի մթնոլորտը սարսափելի ճնշող էր. տասնյակ վիրավորներ, խառնաշփոթ, բայց սառնասիրտ բժիշկներ, քույրեր, սրտացավ անձնակազմ, որը չէր կարող աչքիցդ վրիպել։ Տղերքի սենյակում ևս 6-7 հոգի վիրավոր կար, կարճ խոսեցի, ֆոտո արեցի, հարձուփորձ արեցի, ծանր էին տանում ընկեր Գեղամի լուրը։ Արսենը գունատ էր շատ, թիկունքից էր խփված, տղերքից հարցրի մյուս վիրավորների մասին, խոսեցինք, շարժվեցի։
Սյունիքում ինձ ուղեկցում էին մեր տեղի ընկերները` Գեսան, Արտակը և մյուս ընկերները:
Այդ օրերին տղերքը մեր՝ Արցախ ֊ Երևան կապն էին նաև։
Տղերքին տեսնելուց հետո մի փոքր հանգստացանք, պիտի արդեն շարժվեինք Ստեփանակերտ։
Գիշերը` 23։00-ի կողմերն էր, լուր եկավ, որ ճանապարհը փակ է, խորհուրդ չի տրվում գիշերով անցնել։ Որոշեցինք մնալ Գորիսում, առավոտյան 6-ին շարժվել։
Հոկտեմբերի 3-ի առավոտյան 9։30 հասանք Ստեփանակերտ, 《Արցախ Պարկ》հյուրանոց։ Հյուրանոցի բակում տղերքը հավաքված էին, երկու բառ խոսեցի Իշխանյան Դավիթի հետ, հյուրանոցի առաջ կանգեց պիկապը՝ բոլոր կողմերից խփված, Նվերը գնդակոծության տակ ընկած՝ Գեղամին և մեկ թեթև վիրավորի էր իջեցրել դիրքերից, ում անունն այս պահին չեմ հիշում։ Հարցրի Նվերին՝ տղերքը ոնց են, ասաց շրջափակման մեջ, ես մի կերպ եմ դուրս եկել ...
Խառնվեցի իրար` կապ չկար տղերքի հետ։
Դավիթը շատ հանգիստ տոնով ասաց` մի խառնվիր, հիմա փորձեմ կապ հաստատեմ.... Ավելի ուշ պարզվեց` տղերքը դուրս են եկել շրջափակումից, ապահով են, որոշվեց մեքենան արագ կարգի բերել. տղերքին բեռ կար հասցնելու մեքենայով։
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն ասաց` ես կգամ նաև տղերքին կտեսնեմ։
Իմ՝ Արցախ գնալու նպատակը տղերքին տեսնելուց զատ քաղաքական հանդիպումներն էին և տեղում վիճակին ծանոթանալը։
Նախ վիճակի մասին. Ստեփանակերտը լքված էր, նույնիսկ բաց խանութ կամ հացի կրպակ չկար։
2016 թ. ապրիլի 3-ին ես Ստեփանակերտում էի, պատերազմ էր, բայց քաղաքի փողոցները ավլում էին, կարծես բան չի պատահել, և դա մոտս այնքան տպավորվեց, որ լուսանկարեցի այն ժամանակ։
Հիմա պատկերը այլ էր. ակնհայտ անկազմակերպվածություն, շփոթ, դատարկություն։ Իմ և շատերի համար մինչ օրս անբացատրելի է հենց առաջին օրը կազմակերպված ձևով քաղաքի և շատ գյուղերի տարհանումը։
Առաջին տպավորությունս էր սա։
Այդ օրը Արցախում էին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Հյուրանոցում հանդիպեցի Արթուր Վանեցյանին, (Վանեցյանը Շուշիում էր մնում, մեկ օր առաջ էր եկել Արցախ ), լուրերով փոխանակվեցինք, զանգեցի Ռոբերտ Քոչարյանին, ասաց Վիտալի Բալասանյանի գրասենյակում եմ։ Արթուրի հետ գնացինք հանդիպելու։
Այդ պահին Ռոբերտ Քոչարյանի հետ գրասենյակում էին նաև Յուրի Խաչատուրովը, Արկադի Ղուկասյանը, Վիտալի Բալասանյանը, ես և ևս մի հոգի, ում չճանաչեցի։
Բարևելեւց և կարճ զրույցից հետո հանդիպումը շարունակեցինք երեքով։
Նախագահը բավականին ծանոթ էր իրավիճակին, ասաց՝ թշնամին ամեն ինչ անելու է, որ ճեղք բացի պաշտպանական գծում, արդեն հարավում տարածքային կորուստներ ունենք, բայց զգալի չէր, ասաց հյուսիսում դա չեն կարող անել՝ պայմանավորված լեռնային աշխարհագրությամբ, դրա համար կենտրոնանալու են հարավի վրա։ Նկարագրեց վիճակից դուրս գալու իր պատկերացումները։
Առանձնացրինք հիմնական պրոբլեմները.
-անկազմակերպվածություն,այդ թվում՝ նաև ՄՈԲ֊ի շրջանում,
-փորձառու սպայական կազմի չեզոքացում,
-Արցախի նախագահի ոչ ադեկվատ վարքագիծ։
-ՀՀ իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք քայլեր և գործողություններ։
Բայց պայմանավորվեցիք շահարկումներից խուսափելու համար այդ հարցերի մասին հրապարակային չխոսել, այլ ասել իրենց անձամբ՝ ով ում կարող է. մեր նպատակը իրենց քննադատելը չէր, այլ այդ հարցերին լուծում տալը. երկիր պատերազմի մեջ էր։
Բոլոր զրույցների հիմնական թեման էր նաև դաշնակից պետությունների հետ այդ պահին ճիշտ աշխատելը։
Ես առաջարկեցի, որ Արցախի նախկին 3 նախագահները և Սերժ Սարգսյանը հանդիպեն Արայիկ Հարությունյանի հետ և խոսեն այն բոլոր հարցերից, որ գոյություն ունեն, սկսած թիկունքի անկազմակերպ, քաոսային վիճակից, վերջացրած ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումից։
Ասացին, որ արդեն Սերժ Սարգսյանի առաջարկով , Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այդ ցանկության մասին Ա. Հարութունյանին փոխանցել են։ Հետո պարզվեց, որ հանդիպման առաջարկը մերժել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնեմ, որ Արայիկ Հարությունյանի կողքից Նիկոլի ներկայացուցիչները չէին հեռանում. հսկողության տակ էր, հերթափոխով` մեկ Ավինյան, մեկ Միրզոյան, Պապիկյան, Քյարամյան։
Որոշեցինք կապի մեջ լինել, վերադարձա հյուրանոց, հյուրանոցում հանդիպեցի Չեչենին և Հայկ Վահանին, դիրքերից էին իջել նոր, ծանր գիշեր էին ունեցել, Չեչենը պատմեց իրավիճակը, որոշ փոխանցումներ արեց.
այդ պահին Ստեփանակերտը ռմբակոծում էին, նաև ասեմ՝ հյուրանոցում էին տեղակայված Արմնյուզի ողջ կոլեկտիվը, ովքեր այդ օրերին կարևոր գործ էին անում, Արա Սաղաթելյանը, Արմանը, Աբրահամը, Լիկա Թումանյանը, ակտիվ աշխատանքի մեջ էին Տիգրանը Աբրահամյան, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Նարեկ Մալյանը և այլք։
Հյուրանոցը մի տեսակ դարձել էր նաև շտաբ։
Շտաբ եկավ ընկեր Հարմիկը՝ կամավորական վաշտի ընդհանուր հրամանատարը, Մխիթար Մխիթարյանի հետ. աչքերն էին վնասվել. մինչ բժիշկի գնալը կարճ զրույց ունեցանք, նկարագրեց իրավիճակը, շտապում էր հասներ տղերքին։
Այդ օրը երեկոյան իմացա, որ նույն հյուրանոցում է գիշերում փոխվարչապետ Տ. Ավինյանը։ Փոխանցեցի որ գա՝ ինձ հետ կապնվի։ Երեկոյան հանդիպեցինք, իմ առաջին խնդիրն էր՝ հասկանալ արդյո՞ք տիրապետում են վիճակին , գիտակցու՞մ են պահի լրջությունը և փոխանցել այն բոլոր խնդիրները, որոնք արձանագրել էինք։
Զրույցը տևեց մոտ 40 րոպե։ Նախ ներկայացրի մեր կողմից արձանագրված խնդիրները, որոնք գնալով խորանում են։ Մասնավորապես՝ թիկունքի 《բարդակ》 վիճակի, երկրորդ՝ զոհերի իրական թվերի մասին, ՌԴ-ի և Իրանի հետ պատշաճ աշխատանք տանելու անհրաժեշտության մասին։ Նաև պնդեցի,քայլեր ձեռնարկեն որ նախկին զինվորականներին ներգրավվեն պաշտպանության գործին։
Իմ տպավորությամբ՝ հասկանում էր իրավիճակի բարդությունը, վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով ինչ կարող են կանեն, նաև որոշ դիտարկումներ կփոխանցի Փաշինյանին։ Խոսակցության վերջում ասացի. 《Հուսով եմ՝ դուք և ձեր թիմը հասկանում եք ձեր պատասխանատվության չափը և ձեր սխալ քայլերի կամ անգործության դեպքում ինչ կարող է լինել》։
Հոկտեմբերի 4-ի առավոտյան Ազատամարտիկների միությունում հանդիպոցի Սերժ Սարգսյանին։ Նոր էինք սկսել զրույցը, սկսեցին ակտիվ ռմբակոծել, մի 《սնարյադ》 էլ ընկավ շենքից քիչ հեռու, անվտանգության աշխատակիցները մտան սենյակ, խնդրեցին իջնել նկուղ, Սերժ Սարգսյանն ասաց` բան չկա, նորմալ է և շարունակեցինք զրույցը։ Իմիջայլոց հարվածի (պայթունի) ժամանակ նույնիսկ աչքերը չթարթեց ...
Երկրորդ, երրորդ հարվածներ, կրկին անվտանգություն... մի խոսքով՝ իջանք նկուղ, կիսաքանդ մի սենյակ էր, լույս չկար, մոմի տակ շարունակեցինք զրույցը՝ ի՞նչ անել, նույն գնահատականն էր, զրույցին միացավ Դավիթ Իշխանյանը, հետո Վ. Բալասանյանը, Յ. Խաչատուրովը, Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը, Վովա Գասպարյանը, Արթուր Վանեցյանը, Ժաննա Գալստյանը, Սամվել Կարապետյանը և այլք։
Այդ պահի խորհուրդը մեծ էր. տեսեք՝ ովքեր էին, բոլորը նախորդ երկու պատերազմներում հաղթած մարդիկ կամ մարտական գեներալներ։ Անճար վիճակում՝ Խաչատուրովը հայհոյում էր, ասում՝ սրանք հիմար են, մեզ պարտության կտանեն։ Բոլորին մեկուսացրել էին՝ անձամբ Նիկոլի հրամանով, ամեն մեկը մի բան էր առաջարկում, մի ելք, բայց... այդ պահին զինված ուժերի բունկերում ձեզ քաջ հայտնի և բոլորովին ուրիշ մարդիկ էին, նրանք էին որոշում մեր ազգի ճակատագիրը։
Այդ պահին աչքիս ընկավ Լևոն Մնացականյանը. լուռ, նայելով առաստաղին՝ ծխում էր, աչքերի մեջ զայրույթ, սիրտը պայթում էր, ես այդ տղերքին ախր տեսել էի ապրիլյան պատերազմի ժամանակ, աչքներից կրակ էր թափում, իսկ հիմա... սպանող տեսարան էր...
Ինչևէ։
Տիկին Ժաննան այդ պահին մի լավ առաջարկ արեց, բայց հավանության չարժանացավ, շատ ծայրահեղ էր, բայց գուցե ճիշտն էլ դա էր։
Ես չէի կարողանում հասկանալ երկիր ազատագրած մարտական գեներալների, նախկին զինվորականների պահվածքը։ Բայց Նիկոլը այս պատերազմին երկար էր պատրաստվել, հիշում եք՝ 2019 թ. մայիսին հայտարարեց՝ Արցախում կան դավադիր ուժեր, ովքեր փորձելու են պատերազմ հրահրել, տարածքներ տան թշնամուն և մեղքը գցեն ՀՀ իշխանությունների վրա։ Իսկ պատերազմի 4-րդ օրն ասաց` կան նախկին զինվորականներ, որ ասում են՝ Նիկոլը տարածքները տվել է, ծախել է, իզուր եք կռվում, ասաց՝ անհերքելի ապացույցներ ունի։ Այս ամենը մի նպատակ ուներ. մեկուսացնել նախկին զինվորականներին, ովքեր կարող էին վիճակ փոխել և համախմբել ժողովրդին։
Մարդիկ շատ զգուշավոր էին. 《Մի բան չանենք, մեր վրա մեղքը չգցեն》։
Անկեղծ լինելու համար ասեմ, որ քաղաքական ուժերը ևս այդ պրոբլեմը ունեին, հրապարակային չէինք խոսում իրական վիճակի մասին, քանի որ լայնածավալ հարձակում էր սկսվում, թե «թիկունքը թուլացնում եք, հարվածում մեջքից, դա դավաճանություն է և այն»։
Մի խոսքով իշխանությունը այդ հարցերում լավ նախապատրաստական աշխատանք արել էր.
Ստեփանակերտից վերադարձա խորը մտահոգություններով, բայց հավատով որ դեռ ամեն ինչ կորած չէ, հնարավոր է վիճակը փոխել...
Վերադարձին որոշեցի անպայման հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ուզում էի անձամբ ներկայացնել բոլոր հարցերը, այն ամենը, ինչ տեսել եմ և քայլեր ձեռնարկելու կոչ անել...
Պատերազմի օրերին մշտապես մեր քաղաքական ղեկավարությունից Արցախում մարդ կար. Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյան, Արմեն Ռուստամյան և մյուս ընկերները։
Հ.Գ. Պատերազմի օրերի մասին գրելիս անընդհատ մտածում եմ՝ հրապարակե՞լ այդ ամենը, թե՞ ոչ, բայց երբեմն որոշում եմ հրապարակել, քանի որ որոշ սրիկաներ փորձում են խեղաթյուրել իրականությունը և այլ կերպ ներկայացնել Դաշնակցության, նախկին նախագահների և, առհասարակ, ընդդիմության գործունեությունն այդ օրերին։
Ընդդիմությունը պատերազմի օրերին դրսևորել է բացառիկ պետականամետ կեցվածք և դա փաստ է, իսկ մնացած փաստերի մասին առաջիկայում...
(շարունակելի)»: