Հնարավո՞ր է մանկապարտեզները ևս փակվեն
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Առողջապահության նախարարությունը առաջարկ է ներկայացրել ոչ միայն դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով երկարացնել, այլ նաև բուհերում անցնել հեռավար կրթության։ ԼՈՒՐԵՐ․com-ը քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է մանկապարտեզները ևս փակվեն։ Ի պատասխան մեր հարցի՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց՝ եթե այդպիսի որոշում լինի՝ կտեղեկացնեն․ «Մենք հետևում ենք Առողջապահության նախարարության ցուցումներին և իրականացնում ենք հակահամաճարակային իրավիճակից բխող գործողություններ։ Եթե նման բան լինի, անմիջապես կտեղեկացնենք։ Ամեն օրվա հետ եկած իրավիճակին համապատասխան քննարկումներ և որոշումներ են կայացվում»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ հետևելու են Առողջապահության նախարարության առաջարկներին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարզային որոշ դպրոցներում հայտնաբերվել են կորոնավիրուսային դեպքեր, տվյալ դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։
Նշենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, ունենք 1221 առողջացած, 42 մահվան դեպք: