Մենք հիմա լավ մեկնարկային վիճակում ենք եւ կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել. Փաշինյան
Մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք եւ կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի տուն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ամենակարեւոր, գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության եւ եկամուտների աճի հետ:
«Այդ ուղղությամբ քայլեր արվել են եւ առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը: Այս տարի պլանավորում ենք 100 մլն դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք մեր հաշվարկով պետք է խթան հանդիսանան տնտեսության համար:Փառք Աստծո, տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն, ընդունելի վիճակում է: Հիմա մեր ամենակարեւոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումն զգան, բարեկեցության աճը զգան»,-ասաց վարչապետը:
Հարցին, թե տնտեսական հեղափոխության ուղղությամբ գործուն քայլեր արվա՞ծ են, նա արձագանքեց. «Տնտեսական հեղափոխության առաջին ամենակտիվ փուլը կարող ենք արձանագրել, որ հաջողություն ունի»:
Փաշինյանը շրջեց Հանրային ռադիոյի շենքում՝ նշելով. «Իմ այցը սիմվոլիկ նշանակություն ուներ՝ վերադարձ Հանրային ռադիո, դռան նորոգման արարողություն: Այն, ինչ այն ժամանակ չէր հաջողվել՝ հանդես գալ ուղիղ եթերում, այսօր հաջողվեց»: Նա կարճ հարցազրույց տվեց Հանրային ռադիոյին հենց այն նույն սենյակում, որտեղ մեկ տարի առաջ ուղիղ եթեր էր պահանջում եւ չստացավ: Նաեւ շոշափեց այն դուռը, որը մեկ տարի առաջ կոտրել էին իր կողմնակիցները՝ շենք ներխուժելիս: Հատկանշական է, որ թեեւ շենքում որոշակի վերանորոգում արվել էր, բայց այդ դուտը նույն վիճակում էին թողել:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հեղափոխության օրերին, ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժել էին Հանրային ռադիոյի շենք, կոտրել ներսի դռներից մեկը: Փաշինյանը պահանջել էր ուղիղ եթեր, սակայն մերժում էր ստացել: