Աֆղանստանից տարհանվել են ՀՀ քաղաքացիներ՝ մայր և երեխա. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
Աֆղանստանից տարհանված Հայաստանի երկու քաղաքացիները, պարզվել է, խառը ընտանիքի ներկայացուցիչներ են՝ մայր եւ երեխա։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը։
Ուրբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քաբուլից տարհանված Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներով ինքնաթիռները վայրէջք են կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանում։ Տարհանումը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։
«Սա խառը ընտանիք է, որը բնակվում է Ռուսաստանում։ Մայրն ու երեխան Հայաստանի քաղաքացիներ են, ամուսինը՝ Աֆղանստանի քաղաքացի։ Նրանք մեկնել են Աֆղանստան, ապա ընդհանուր ծանր իրավիճակի պատճառով մնացել այնտեղ, իսկ այժմ նրանց տարհանել են»,-հայտնել են դեսպանատանը։