Բոլորը հասկացել են, թե ովքեր են ՀՀ–ում իշխանություն զբաղեցնողները և ով ինչպես կարողանում է, վերցնում է իր հասանելիքը, իսկ Հայաստանը միայն կորուստ ու զոհողություններ է ստանում․ Տ․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Երբ ասում էի, որ Թուրքիայից «դրական ազդակներ» չի կարող ստացվել, ինչպես Փաշինյանն էր պնդում, իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր անիմաստ ջանքեր էին գործադրում համոզելու, որ թուրքերը փոխվել են, արդեն արժե հարաբերություններ կարգավորել։
Երբ Էրդողանն իր խոսքում ուղղակի ու անուղղակի ձևով խոսում էր նախապայմանների դիմաց ՀՀ-ի հետ հարաբերությունների նորմալացման մասին, սրանք իրենց հայտնի կենդանու տեղը դրած պնդում էին՝ դրական ազդակներ կան։
Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք ուզում են կարգավորել թուրքերի հետ հարաբերությունները, բայց Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք։
Բոլորը հասկացել են, թե ովքեր են Հայաստանում իշխանություն զբաղեցնողները և օգտվելով առիթից ով, ինչպես կարողանում է վերցնում է իր հասանելիքը, իսկ դրա դիմաց Հայաստանը միայն կորուստ ու զոհողություններ է ստանում»։