Սկսվել է պահեստազորի ամենամեծ զորակոչը
Արտասահմանյան աղբյուրների հաղորդմամբ՝ Ռուսաստանում ռազմական գործողության լայնածավալ նախապատրաստություն է սկսվել։
Bloomberg-ը, վկայակոչելով արտասահմանյան հետախուզության տվյալներ, հայտնել է, որ տասնյակ հազարավոր ռուս պահեստազորայիններ արդեն ստացել են բանակին միանալու ծանուցում։ Այդ միջոցառումը, ըստ պարբերականի, համարվում է ամենամեծը ռուսական պետության պատմության մեջ ԽՍՀՄ ժամանակներից ի վեր։
Աղբյուրի համաձայն՝ պահեստազորայիններ են հավաքագրվում Ուկրաինայի տարածք ներխուժելու գործողության համար, որը նախատեսված է առաջիկա ամիսներին կամ նույնիսկ շաբաթներին։ Գործակալության տվյալներով՝ օպերացիան ինքնին կիրականացվի մի խումբ զինվորականների կողմից, որոնց թիվը կազմում է մոտ հարյուր հազար մարդ՝ ավիացիայի աջակցությամբ։ Պահեստազորայինների խնդիրը, ըստ հրապարակված տեղեկատվության, լինելու է գրավյալ տարածքը երկար ժամանակ պահելը։
ԱՄՆ հետախուզության աղբյուրները նույնպես Bloomberg-ին հայտնել են, որ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով տեղակայված մարտավարական խմբերն արդեն հարձակողական դիրքում են։ Ենթադրվում է, որ լայնածավալ գործողության մեկնարկը կարող է տրվել սառնամանիքների սկսվելուց հետո: