Ադրբեջանի կողմից գերեվարվել է 70 հայ զինծառայող. Ալիև
Ադրբեջանը մինչ այժմ Հայաստան է վերադարձրել ավելի քան 100 զինվորի, ովքեր «հանցագործություններ չեն կատարել ադրբեջանցիների նկատմամբ», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Ցուցակը հայտնի է, դրա մասին գիտեն միջազգային կազմակերպությունները, հայերը։ Օրինակ, նոյեմբերի կեսերին ավելի քան 30 հայ զինծառայողներ բերման են ենթարկվել ռազմական սադրանքի ժամանակ): Նրանցից մեկը վիրավոր էր, իսկ մեր բժիշկները խնամեցին, վիրահատության ենթարկվեց, և հենց ապաքինվեց, վերադարձրինք։ Սա ճիշտ է, և դա հաստատվել է։ Այս խմբի ևս 10 անդամ վերադարձվել է Երևան, և նրանցից շատերը բանտարկվել են Հայաստանում»,- ասել է Ալիևը իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում։
Նա հայտարարել է, թե գերությունից վերադարձած հայ զինվորականները Հայաստանում «ենթարկվում են դաժան խոշտանգումների»:
«Այսպիսով, ոչ մի միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ նրանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին ձերբակալվածների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետեւաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- նման ցինիկ հայտարարություն է արել Ալիևը։
Նա նաև ասել է, որ այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի կողմից գերեվարվել է մոտ 30 հայ զինծառայող, իսկ անցած տարվա նոյեմբերից՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 40 զինծառայող։ «Մենք չենք թաքցնում այս թվերը։ Հայկական կողմին տրամադրվել է բանտարկյալների անունների, ազգանունների և ծննդյան ամսաթվերի ցուցակ։ Այսինքն՝ իրենք գիտեն այդ մասին, կա տեղեկատվություն միջազգային կազմակերպություններից, մենք դա չենք թաքցնում, քանի որ գաղտնիք չկա»,- կրկին ստել է Ալիևը։