Հաղթանակի շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում
Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 74-ամյակին նվիրված շքերթն սկսվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մեկնարկը տրվեց ավանդական բառերով՝ «Ուշադրություն, խոսում եւ ցուցադրում է Մոսկվան Կարմիր հրապարակից։ Ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի՝ Հաղթանակի շքե՛րթ»։
«Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո Պրիոբրաժենսկյան գնդի պատվո պահակի գումարտակի դրոշակակիր խումբը Կարմիր հրապարակ է բերում Ռուսաստանի դրոշն ու լեգենդար Հաղթանակի կարմիր դրոշը, որը Ռեյխստագի վրա կանգնեցրել են Իդրիցյան 150-րդ դիվիզիայի մարտիկները 1945 թվականի մայիսին։ Ռուսաստանի եւ Հաղթանակի խորհրդանշանները անցնում են ամբիոնների եւ շքերթի հաշվարկների առջեւով։
Կենտրոնական ամբիոնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններ եւ միջոցառման հյուրեր։ Շքերթն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, շքերթի հրամանատարն է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։
Այս տարի Շոյգուն եւ Սալյուկովը շքերթի առջեւով կանցնեն Aurus նորագույն ռուսական կաբրիոլետներով։ Շքերթի համար պատրաստվել է երեք ավտոմեքենա՝ երկու հիմնական եւ մեկ պահեստային։ Ավանդույթի համաձայն՝ նախարարը շքերթի հաշվարկների առջեւով կանցնի եւ կողջունի Կարմիր հրապարակում շարք կանգնած զինծառայողներին, իսկ հետո կուղղվի դեպի կենտրոնական ամբիոն՝ ՌԴ նախագահին զեկուցելու, որ զորքը պատրաստ է շքերթի։
Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցում են ավելի քան 13 հազար զինծառայող, ավելի քան 130 միավոր արդիական սպառազինություն եւ զինտեխնիկա։