Ժամը 14:00-ին, փաստաբան Արա Կարապետյանի միջնորդության հիման վրա տեղի է ունենալու զինծառայող Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստ. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Վաղը ժամը 14:00-ին, փաստաբան Արա Կարապետյանի միջնորդության հիման վրա տեղի է ունենալու զինծառայող Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստ։
Զինծառայող Արամյանը 2021թ.-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, ապա գերեվարված զինծառայողներից է, ով հայրենիք վերադարձվելուց հետո կալանավորվել է։
Արեն Արամյանը մասնակցություն է ունեցել 2016 թվականի քառօրյա պատերազմին, 2020 թվականի հուլիսյան դեպքերին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, ինչի համար հրամանատարության կողմից ներկայացվել է պետական պարգևի։
2021 թվականի նոյեմբերի 16-ին դիմակայելով թշնամու գրոհներին, վարել է մարտական գործողություններ, որի ընթացքում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում ծնկի շրջանում, ինչից հետո թշնամին մոտեցել է ու ինքնաձիգի պոչով հարվածներ է հասցրել Արեն Արամյանի գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Գերեվարվելուց հետո ենթարկվել է խոշտանգումների։
Հայրենիք վերադառնալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել։ Տասն օր անց Արեն Արամյանը դուրս է գրվել զինհոսպիտալից և անմիջապես ձերբակալվել։
Արեն Արամյանի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ աջ ազդոսկրի դրսային կոճի ներհոդային բազմաբեկոր կոտրվածքով, աջ քունքային շրջանի կարած վերք և խորհուրդ է տրվել շարունակել ծնկահոդի ֆիքսատրով անշարժացումը ևս մեկ ամիս, որից հետո վերականգնողական բուժում: Ինչը ՔԿՀ-ում հնարավոր չէ իրականացնել:
Պաշտպանի՝ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին 2021 թվականի դեկտեմբերի 22-ին հասցեագրված հարցմանն ի պատասխան, 2022 թվականի հունվարի 12-ին ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացվել է գրություն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում խորհուրդ է տրվել պլանային կարգով կատարել Արեն Արամյանի ԷՆՄԳ հետազոտություն, իզոնետրիկ և վերականգնողական վարժություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սիմպտոմատիկ բուժում:
Նույն օրը Արեն Արամյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 2022 թվականի հունվարի 13-ին Արեն Արամյանը տեղեկացրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկությունում, բժիշկները առավոտյան իրեն հետազոտել են և հայտարարել, որ հիմնարկության պայմաններում, հնարավոր չէ իրականացնել ոտքի բուժումը և վերականգնումը:
2022 թվականի հունվարի 19-ին, Արեն Արամյանը հետազոտվել է Արմեդ ԲԿ-ում, որտեղ նրան հայտնել են, որ ոտքի ներվային համակարգը գրեթե չի աշխատում և եթե բժշկական միջամտություն չլինի, ապա կարճ ժամանակ անց ոտքի վերջույթը հնարավոր է ամպուտացնեն: /Այդ մասին հայտնել է հետազոտող բժիշկը, ներկա պահին փաստաթղթային ախտորոշումը դեռևս չի ստացվել/:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեական գործով է անցնում զինծառայողը, ակնհայտ է, որ կալանքի տակ գտնվելն անհամատեղելի է նրա վիրավորմանն ու հետագա բուժմանը. այս պահին նույնիսկ ոտքի վերջույթի ամպուտացման վտանգ կա։
Հույս ունեմ, որ այս գործոնները հաշվի կառնվեն և զինծառայողի խափանման միջոցը կփոխվի, այլապես ստացվում է, որ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներն այլ դրսևորմամբ շարունակվում են Հայաստանում։