7-ից 12 տարի ազատազրկում. դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով եզրակացությունը
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 15-ին, ընթանում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ, և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։
«Համոզված եմ, որ մեղադրանքը նույնիսկ պարզ չէ այն քննիչին, ում թելադրել են սա», – ասաց պաշտպանը։
Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները կարողանան ներկայացնել մեղադրանքում առկա անհստակությունների հետ կապված իրենց հարցերը։