Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ երեկ այցելել են Երևանի Կապույտ մզկիթ և խեղաթյուրել իրականությունը. Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Եվրանեսթ»-ի շրջանակներում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ երեկ այցելել են Երևանի Կապույտ մզկիթ և խեղաթյուրել իրականությունը:
Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին, սոցցանցում գրել է․
«…Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»:
Ադրբեջանցի պատգամավորներին թերևս պետք է ծանոթացնել պատմության եւ պատմական փաստերի հետ, որոնք հետեւողականորեն շրջանցվում են: Երևանում Կապույտ մզկիթը կամ պարսկական Գյոյ-ջամին կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Հայաստանի և Իրանի բարեկամության խորհրանիշներից մեկի՝ Կապույտ մզկիթի պատերի պատմական արձանագրությունները ևս սրա վկայությունն են։ Եւ ասօր էլ Երևանի կենտրոնում գտնվող մզկիթը շարունակում է մնալ կրոնական և մշակութային կենտրոն Հայաստանում բնակվող իրանցիների և զբոսաշրջիկների համար։
Միգուցե ադրբեջանցիներին անծանոթ է այլ երկրի մշակութային և կրոնական արժեքների պահպանումը, նրանց հարազատ է ցեղասպանի, ոչնչացնողի հոգեբանությունը, որպեսզի ամեն ինչ կարողանան հետագայում իրենց վերագրել, բայց պատգամավորների այս պահվածքը զավեշտալի է, իսկ Երևանը Իրևան գրելը՝ խիստ անընդունելի։
Պետք է արձանագրել, որ Ադրբեջանցի պատգամավորները եվրոպական միջխորհրդարանական ձևաչափով են Հայաստանում, սակայն տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը։
Ու քանի որ աշխարհը լուռ է, Ադրբեջանցի պատգամավորները Երևանի կենտրոնում հայտարարում են, որ շուտով մզկիթի «իրական տերերը» վերադառնալու են, ու՞ր եք գալու․․․Հիմա էլ լռե՞նք: