ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ: Տեքստում ասվում է.
«34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։
Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման։