«Պատիվ ունեմ»-ում հյուրընկալել են ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:
Անդրադառնալով այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը նշել է, որ անցած հինգ տարիներին Կանադայի խորհրդարանական կենտրոնն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հետ` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը: Կառույցն աշխատել է խորհրդարանում` մշակելու համար մի ռազմավարական ծրագիր, որի կիրառման արդյունքում կբարելավվեն աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունավետությունը:
«Արդյոք նպատակահարմա՞ր է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ծրագիրը շարունակելը, եւ ի՞նչ խնդիրներ են տեսնում»,-հետաքրքվել է դեսպանը: Նա կարեւորել է այդ հարցում խմբակցության կարծիքն ու օժանդակությունը:
Այս համատեքստում Ստեֆան Դիոնը նշել է. «Մեծ նվաճում կլինի մեզ համար, եթե Կանադան կարողանա աջակցել Հայաստանի խորհրդարանին, որպեսզի նրա աշխատակազմի գործունեությունը լինի մասնագիտական բարձր մակարդակի վրա եւ անաչառ»:
Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ կարեւոր է համարում ցանկացած ծրագրի իրականացում, որը կարող է նպաստել երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը:
Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի խորհրդարանի՝ ոչ սովորական պայմաններում ձեւավորված լինելու հանգամանքին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտումներին: Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի: