Պուտինն արձագանքել է Էրդողանին. Պատերազմը համաշխարհային կդառնա, ՆԱՏՕ-ն կլուծարվի՞
Կիրակի օրը Պուտինը զրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Թուրքիայի և Իսրայելի առաջնորդների հետ, որոնց ընթացքում պարզ է դարձել, որ Պուտինը ոչ միայն հետ չի կանգնել իր մտադրություններից, այլ ամեն ինչ անում է համաշխարհային, և չի բացառվում՝ միջուկային պատերազմ սանձազերծելու համար։
Էմանուել Մակրոնի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր նպատակներին հասնելու է «կա՛մ բանակցությունների, կա՛մ պատերազմի միջոցով», ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։ Միաժամանակ «Պուտինը նշել է, որ չի պատրաստվում հարձակվել ատոմակայանների վրա»։ Մակրոնը Պուտինին հայտնել է միջուկային ռիսկերը կանխելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
«Պատրաստակամություն է հայտնվել շարունակելու երկխոսությունը ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարմամբ»,- նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պահանջները, ինչպես հայտնի է, հանգում են Ուկրաինայի կապիտուլյացիային եւ ՆԱՏՕ-ի փաստացի ինքնալուծարմանը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել հրադադարի հասնելու, մարդասիրական միջանցքների բացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Պուտինն արձագանքել է Էրդողանին, ասելով, որ «հատուկ գործողությունն ընթանում է պլանի համաձայն և ըստ ժամանակացույցի»։ Հատուկ գործողության կասեցումը հնարավոր է «միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի հայտնի պահանջները», ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի փորձերը վերջ դնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, նույնիսկ եթե հաջողությունը քիչ հավանական թվա: Բենետն այս մասին ասել է Մոսկվայից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այն երկրները, որտեղ կտեղակայվեն ուկրաինական մարտական ինքնաթիռները, կարող են ներքաշվել զինված հակամարտության մեջ։ «Մենք հավաստի տեղեկություններ ունենք ուկրաինական մարտական ինքնաթիռների մասին, որոնք նախկինում թռիչքներ են կատարել դեպի Ռումինիա և սահմանամերձ այլ երկրներ»,- կիրակի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
Արեւմուտքում սկսել են նախապատրաստվել, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել նաեւ այլ երկրներում, մասնավորապես, Բալթյան երկրներում։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը փոխել է մոտեցումը Բալթյան երկրների անվտանգության նկատմամբ։ «Մենք անցնում ենք զսպման ռազմավարությունից պաշտպանական ռազմավարության», – ասաց Լանդսբերգիսը: «Այս դեպքում արձագանքման ժամանակը կրճատվում է»,- պարզաբանել է արտգործնախարարը։
Բրիտանական ռազմական հետախուզությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հարձակվում են Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա, ռուսական զորքերի հարձակումը դանդաղել է՝ ուկրաինացիների դիմադրության շնորհիվ։ «Ուկրաինական դիմադրության մասշտաբներն ու ուժը շարունակում են զարմացնել Ռուսաստանին», – նշում է բրիտանական հետախուզությունը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հաստատել է Գերմանիայի կառավարության անհամաձայնությունը ՆԱՏՕ-ի ուժերի միջոցով Ուկրաինայում անթռիչք գոտի ստեղծելու վերաբերյալ։ Հակառակ դեպքում դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները։ «Իսկ դա կնշանակի, որ մենք ուղղակիորեն ներգրավված ենք այս պատերազմի մեջ», – փաստարկել է նա:
Փորձագետները ամենահավանական տարբերակն են համարում, որով Պուտինը պատրվակ կստանա կամ կստեղծի ՆԱՏՕ-ի որեւէ երկրի հարվածելու և պատերազմը համաշխարհայինի ընդլայնելու համար։