Ինչպես է Գորիսի նախկին շուկան անցել մարզպետին
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հասցրել է ահռելի կարողություն կուտակել։ Նրա եկամուտների հայտարարագրում նշված է 4 հողամաս՝ երեքը Տեղ գյուղում, մեկը՝ Գորիսում, Գորիսում անհատական բնակելի տուն եւ հողին ամրակայված թվով երկու անշարժ գույք: Ինչպես նաեւ 4 ավտոմեքենա։ Պողոսյանի կնոջ հայտարարագրում նշված է մեկ բնականա Երեւանում եւ մեկ ավտոմեքենա, իսկ որդին, որը չի աշխատել որեւէ հիմնարկում, հասարակական նշանակության 10 շինություն է հայտարարագրել՝ Գորիսում։
Դրանցից մեկը «Մելիք Բարխուդար» ընկերությունն է, որը Գորիսի «Զանգեզուր» հյուրանոց-ռեստորանն է աշխատեցնում։ Հայկական չափանիշներով, փաստորեն, ունեւոր ընտանիք է Պողոսյանների ընտանիքը, իսկ նախկինում նրանք որեւէ բիզնեսով չեն զբաղվել, նման եկամուտներ աշխատելու օրինական աղբյուրներ չեն ունեցել։
Գորիսից տեղեկացանք, որ ինչ ինչ հանգամանքներում Մելիքսեթ Պողոսյանին է անցել Գորիսի կենտրոնում գտնվող նախկին շուկայի հսկայական շենքը, որը մարզպետի ընտանիքը հյուրանոց, գորիսեցիներն ասում են՝ մոթել է դարձրել: Թե ինչպես է այս շենքը հայտնվել Սյունիքի մարզպետի տնօրինության տակ, պետք է իրավապահները պարզեն։ Ընդ որում՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը։ Սակայն Գորիսում ասում են, որ դա երբեք տեղի չի ունենա, քանի որ նախկին մարզպետն ամեն ամիս իր եկամուտներից մասհանումներ է անում իմքայլականներին, թերեւս դա է պատճառը, որ նրա գույքն ու ունեցվածքը պաշտպանված են եւ նման քննությունների վտանգ նրան չի սպառնում: